Լրահոս
Օրվա լրահոսը

Տոներին ընդառաջ Դիլիջանում տեղացիներն իրենց կենդանիներին են մորթում և ցածր գնով վաճառում

Դեկտեմբեր 30,2020 19:00

Դիլիջանում տեղացիներն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Ամանորին ընդառաջ փողոցներում միս են վաճառում։

Հիմնականում անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող տեղացիների համար տոներից առաջ իրենց ընտանի կենդանիներին մորթելն ու միսը վաճառելը ավանդույթի նման մի բան է դարձել։

Դիլիջանի փողոցներում շրջելիս համարյա ամեն քայլափոխի հնարավոր է տեսնել իրենց մեքենաներում միս վաճառողների։

Չնայած ժամանակին տեղացիներն ունեցել են իրենց հատկացված շուկայի տարածք, որտեղ զբաղվել են իրենց մթերքների վաճառքով, սակայն արդեն տարիներ շարունակ տեղացիներին չի հատկացվում տարածք ու վերջիններս ստիպված մեքենաներով կանգնում են փողոցներում և վաճառք իրականացնում։

Aravot.am -ի հետ զրույցում մսավաճառների մեծ մասը նշում էր, որ այս տարի մսի վաճառքը կտրուկ ընկել է և անգամ ամենացածր գնով վաճառելու դեպքում գնորդներ չկան։

«Այս տարի շատ դժվար է վաճառվում, ճիշտ է, շատ ցածր գնով ենք վաճառում, բայց մեկ է՝ գնորդ չկա, որովհետև տեղացիներից քչերն են, որ առնում են, քանի որ մեծ մասը ունի անասուն, իսկ նա էլ, ով չունի, իրա ծանոթ-բարեկամը ունի, հիմնականում իրենից է առնում»,- նշեց մսավաճառներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Զրույցի ժամանակ տեղացիները սրտնեղած պնդում էին, որ հենց սահմանները բացվեն՝ մեծ մասը լքելու են երկիրը, քանի որ այս պայմաններով ապրելն արդեն անհնար է դարձել։

Չնայած բոլորի պնդմանը, որը երկիրը լքելը լավագույն լուծումն է, տեղացիներից Վարդգես Թամրազյանը, որը անասնապահությամբ ու մեղվապահությամբ է զբաղվում և իր պահած խոզի միսն էր բերել վաճառքի, վստահեցրեց, որ վերջին բանը, որ ինքը կանի՝ իր հայրենիքը լքելն է. «Ես շատ վատ բան կանեմ, եթե լքեմ ու օտարության մեջ գնամ։ Ինչ էլ պատահի ես միշտ իմ ժողովրդի կողքին եմ մնալու, որովհետև այս ժողովուրդն իմ համար միլիարդ արժի ու ես ուրիշ գնալու տեղ չունեմ»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031