Մի քանի օրից Ամանոր է, բայց Ստեփանակերտում Նոր տարվա շունչ բոլորովին չկա: Ոչ մի օբյեկտ, նույնիսկ մանուկներին պատկանող, զարդարված չէ, որեւէ տեսանելի վայրում տոնածառ դրված չէ: Միայն խանութների ցուցափեղկերին կարելի է հանդիպել ամանորյա իրեր, որոնք ներկրվել էին պատերազմից առաջ: Դրանք այդպես էլ մնացել են մի անկյունում կախված: Վաճառողներն ասում են, որ հետաքրքրվողներ էլ չկան:
Ստեփանակերտում անգամ ռեստորանային օբյեկտներից խորովածի ծուխ չի բարձրանում: Արցախցիները համարում են, որ «մանղալ» վառելով կանարգեն պատերազմում զոհված տղաների հիշատակը: Այն վառ պահելու համար Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահականի դեմ դիմաց մեծադիր պաստառ է կանգնեցված՝ հարյուրավոր զոհված, անհայտ կորած զինվորների լուսանկարներով:
Ամեն օր, օրվա տարբեր ժամերի մարդկանց հոսքն այստեղ չի դադարում: Մեծ-փոքր գալիս են «տղաներին այցելության»: Այստեղ գրեթե չկա մեկը, որը հարազատ, բարեկամ կամ ընկեր կորցրած չլինի:
Ստեփանակերտում ամուսնություններ լինում են, սակայն կիսահանդիսավոր պայմաններում՝ առանց դհոլ-զուռնայի ու ճոխ հարսի շորերի. սուս ու փուս եկեղեցի ու զագս են գնում:
Կարդացեք նաև
Ինչպես միշտ՝ Ստեփանակերտը նույնիսկ պատերազմից հետո էլ մաքրությունից փայլում էր:
Այն դեպքում, երբ քաղաքի տարբեր հատվածներում ռմբակոծության հետեւանքով դեռեւս շենքերի փլատակներ կային, քաղաքում անգամ ծառերի տակն էր փխրեցված:
Իշխանություններն էլ, բնակիչներն էլ ամեն ինչ անում են, որ Ստեփանակերտը շուտ ոտքի կանգնի, բայց կան ռմբահարված այնպիսի կառույցներ, որոնց վերականգնելը ժամանակ կպահանջի:
Լուսանկարներում ավիացիայի ռմբակոծությանը ենթարկված «Արցախ էներգոյի» շենքն է, քիչ այն կողմ՝ էլեկտրական տրանսֆորմատորները, որոնք սնուցել են քաղաքը: Հակառակորդն այն թիրախավորել է պատերազմի առաջին օրը՝ քաղաքը զրկելով էլեկտրականությունից: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ շենքի գույքը՝ սեղան, աթոռ դուրս են թռել՝ հայտնվելով բակի եղեւնիներին:
Այս տարածքից քիչ այն կողմ թիվ 10 դպրոցն է: Ռմբակոծությունից երեխաներին էլ է բաժին հասել, դպրոցի բակում հսկայական փոս է առաջացել, պատուհաններն էլ ջարդուփշուր են եղել:
Ամենաառաջին հարվածը սակայն պաշտպանության բանակի շտաբին է եղել՝ վաղ առավոտյան: Մինչ այսօր, շենքի ապակիներն այդպես էլ ջարդված մնում են:
Ստեփանակերտն Ամանորի նախաշեմին տխուր էր, կուչ եկած, բայց ոչ դժգույն: Հրետակոծությունից տուժած բնակելի շենքերը հիմնականում վերականգնվել են: Այն բնակարանների էլ, որոնք ապրելու համար պիտանի չեն, բնակիչները կացարանով ապահովվել են:
Այս օրերին Ստեփանակերտի փողոցներում խցանումներ են, փողոցներն էլ սովորականից ավելի մարդաշատ են: Այստեղ են տեղափոխվել նաեւ ադրբեջանցիների տիրապետության տակ անցած շրջանների ու գյուղերի մեծ թվով բնակիչներ: Ստեփանակերտը նոր բնակիչներ էլ ունի՝ ռուս խաղաղապահները, որոնք հիմնականում մայրաքաղաքի արվարձաններում են տեղակայված, սակայն առեւտրի կամ այլ նպատակներով գալիս են կենտրոն: Նրանց պատկանող ավտոմեքենաները պարտադիր ռուսական դրոշներով են երթեւեկում:
Ստեփանակերտում շրջելիս հարցուփորձ արեցինք նաեւ խանութներում ադրբեջանցիների հայտնվելու մասին շրջանառվող լուրերի մասին: Կային վաճառողներ, որոնք հաստատեցին՝ վստահեցնելով, որ անձամբ են սպասարկել ադրբեջանցու, որը Ստեփանակերտ էր հասել ռուս խաղաղապահի ուղեկցությամբ՝ առեւտուր անելու: Սակայն, ասացին, որ աղմուկ բարձրացնելուց հետո, այդպիսի դեպքերը չեն կրկնվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ