Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաղայից Գաբրիելյանների ընտանիքը 28 տարիների ընթացքում 2-րդ անգամ է տեղահանվել

Դեկտեմբեր 30,2020 17:45

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում մի շարք գյուղերի բնակիչներ երկրորդ անգամ են զրկվել իրենց տներից։ Ինչպես օրինակ Մարաղա գյուղի բնակիչները, երբ 1992 թվականի ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տևած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Մարաղա և կոտորել են տեղի խաղաղ բնակչությանը։

Ինչից հետո տեղի բնակիչները, որոնց հաջողվել է փրկվել կատարվածից, հիմնել են Նոր Մարաղա գյուղը։ Սակայն, 2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, Նոր Մարաղա գյուղի բնակիչները տարհանվել էին։ Իսկ պատերազմի ավարտից հետո իրենց հայտնել էին, որ իրենց գյուղն էլ պետք է հանձնեն։

Aravot.am-ը Գաբրիելյանների ընտանիքին պատերազմի օրերին հանդիպել էր Շուշի քաղաքում։ Տիկին Էլմիրան իր որդու՝ Արարատի, հարսի՝ Ալվարդի և երեք թոռների՝ 5 տարեկան Էլմիրայի, 3 տարեկան Միքայելի և 2 տարեկան Թագուհու հետ պատսպարվել էին իրենց Շուշիի տանը, որտեղ բնակվում էր տիկին Էլմիրայի դուստրը։

Պատերազմի ավարտից հետո նրանց հանդիպեցինք արդեն Հայաստանում՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցը ժամանակավոր ապաստան էր տվել Արցախից մի շարք ընտանիքների։ Արտաքինից լքված շենք էր թվում, եթե չլինեին բակում և հյուրանոցում վազվզող երեխաները, որոնք Երևանից եկած լրագրողներին տեսնելով վազել էին ծնողներին հայտնելու, թե իրենց նոր ուսուցիչներն են եկել՝ «մի ջահել աղջիկ ու ջահել տղա»։

Մինչ տիկին Էլմիրային գտնելը, արցախցի կանայք, որոնք շտապում էին կիսվել պատերազմում ապրած իրենց օրերով, իրենց կրած վնասներով ու հետաքրքրվում էին, թե «վերջը ի՞նչ է լինելու»։

23-րդ սենյակում տիկին Էլմիրան իր թոռներից մեկի հետ մենակ էր․ որդին և հարսը երեխաների հետ փաստաթղթեր էին տարել ինչ-որ խնդիր լուծելու համար։ Սենյակում երեխաների շորերն ու խաղալիքներն էին, իսկ սեղանին՝ ուտելիքը։

Շուշիում հանդիպումից հետո, խոստացել էինք, որ անպայման պետք է վերադառնանք, քանի որ տիկին Էլմիրան պնդում էր, որ մեզ Նոր Մարաղայի իրենց այգու բերքը հյուրասիրի։ Բայց մի քանի տագնապի ազդանշանից և տարբեր ապաստարաններում պատսպարվելուց հետո, որոշել էինք վերադառնալ Ստեփանակերտ։ Տիկին Էլմիրան էլ պատմում է, որ նույն օրը իրենք Երևան են եկել, քանի որ արդեն անհանգստանում էին երեխաների անվտանգության համար։ Երևանում որոշ ժամանակ անցկացնելուց հետո էլ իրենց բերել են այս հյուրանոցը։ Ասում է՝ ամեն ինչով ապահովել են թե՛ սնունդով, թե՛ հագուստով, բայց մեկ է՝ իրենց տունն են ուզում։

«Երեք պատերազմ է եղել, երեք պատերազմին էլ ներկա ենք եղել»,- ասում է տիկին Էլմիրան՝ նշելով, որ 1992 թվականին ամուսինը և որդին եղել են կռվի դաշտում և վերջին բնակիչներից են եղել, որոնք դուրս են եկել Մարաղայից։ Ապրիլի 10-ին որդու՝ 8 տարեկան Արարատի և 6-ամյա դստեր հետ փախել են հարազատ գյուղից։ Ապրիլի 11-ին նորից վերադարձել է գյուղ՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագրի են արժանացել որդին և ամուսինը, իմացել է, որ սկեսրայրին սպանել են․ «Շատերին սպանել են, տներն են վառել։ Կոտորել են մորթել են, ամեն ձևի։ Մի մեծ փոս կար, 100 մարդ ածել են մեջը։ Իսկ ով, որ կռիվ են տվել, նրանց կանգնեցրել ու սպանել են»։

Այնտեղ պարզում է, իրենց տունն էլ են հրկիզել, իսկ մյուս որդուն հաջողվել է փախնել․ «Ջրի հոր է եղել, եկել մտել են ջրի հորի մեջ, գլուխը ծածկել են, թուրքը եկել շրջափակել է, էլ չեն կարողացել դուրս գալ։ Սպասել են մինչև գիշերվա ժամը 1-ին` 4-5 ժամ, մինչև Շահումյանը եկել է մեզ օգնության, էդ ժամանակ խոխեքը կարողացել են փոսից դուրս գալ։ 7 խոխա»,- հիշում է տիկին Էլմիրան։

Նա պատմում է, որ գյուղից դուրս գալուց հետո հանդիպել է տանկի, որտեղից ռուսերենով նրան ասում էին փախեք՝ «Бегите»։ Ինչից հետո որոշել է փախնել և ծանոթ կնոջ տեսնելով խնդրել է դանակ՝ գերի ընկնելու դեպքում ինքնասպանություն գործելու համար։ Սակայն կինը հրաժարվում է դանակ տալ, իրենց ուղեկցում է ապահով ճանապարհ, որտեղ երկու տանկի են հանդիպում։

«Ասում են՝ մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, մենք հայ ենք։ Տանկերը կանգնեցին, հարցրեցին՝ դուք ադրբեջանցի՞ եք, ասացի՝ չէ, մենք հայեր ենք, բալա՛ս։ Վա՜յ, մայրիկ, էս գիշերվա կեսին ի՞նչ եք անում։ Էդ պահին, էնտեղ տեսնում ենք թայաներ՝ մեծ խոտի դեզեր։ Տանկիստը վեր կացավ, մի հատ հաց հանեց, բերեց էդ հացը երկու մասի բաժանեց կեսը տվեց մի խոխիս, մյուս կեսը մի խոխիս: Էն ղոլի տանկիստն էլ մի կտոր պանիր բերեց, կես արավ՝ կեսը էլի մինին, մյուս կեսը՝ մինին, կերանք։ Ասաց՝ մատաղ ինիմ, մի բան ասեմ, ի՞նչ կլինի ջահել հարս ես չեմ ուզում բան ասեմ, վախում ինք, ձեզ կտանեմ էնտեղով անց կկացնեմ էն կողմը։ Ասացի՝ հա, բալաս, որ տանեք լավ կլինի։ Ասաց՝ վախում ենք բաց թողնենք ձեզ, գնաք թուրքերը ղոլը ընկնիք, թուրքերը գան ձեզ բռնոտեն»,- պատմում է տիկին Էլմիրան։ Ինչից հետո երեխաների հետ հասնում է Մղոզ։ Գյուղապետը ընդունում է նրանց, դպրոցում տեղ է տալիս: Զանգում են Մարաղա ու պարզում, որ ամուսինը Մարտակերտի հիվանդանոցում է։ Այդքան ճանապարհը տիկին Էլմիրան հետ է գնում, սակայն այնտեղ չի գտնում նրան։ Տիկին Էլմիրան կրկին վերադառնում է Մարաղա․ «Տեսնում եմ՝ մեծ տղաս նստած է։ Մինն էլ չկա, զոհված է։ Նստում-լացում եմ՝ այ, բալա՛ս, ի՞նչ ա եղել, էս մինը ո՞ւր ա, էն մինը ո՞ւր ա։ Ասում ա՝ մամա, էդ մասին խոսում են՝ պապան չկա, սպանել են՝ կտոր-կտոր են արել»։

Ապրիլի 13-ին Մղոզից գնացել են Ստեփանակերտ, որտեղից էլ՝ Շուշի, որտեղ սկսել են բնակվել։ Շուտով Մարաղայի բնակիչները որոշեցին նոր գյուղ հիմնել և այն անվանել Նոր Մարաղա։ Այժմ կորցրել են իրենց տները և՛ Նոր Մարաղայում, և՛ Շուշիում․ «Ինչի՞ եք հողերը տվել, ժողովուրդը էնտեղ ապրում էր։ Տենց բան կլինի՞։ Էսքան էլ խոխա լոխ ջահել, գացին, պրծան, մարմինն էլ չեն ճարում՝ սա դուզ բա՞ն ա։ Էլ չեմ դիմանում»։

Շուշիում էլ թողել է ամեն ինչ, նույնիսկ տան բանալիները, վերցրել է միայն զոհված ամուսնու և որդու լուսանկարները և իրենց տեղափոխել են Երևան։

Տիկին Էլմիրան Նոր Մարաղայում վերջին անգամ եղել է սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին գնացել են Շուշի, և այնտեղից էլ հոկտեմբերի սկզբին եկել են Երևան․ «Զանգ են տվել, մեզ ասել են, որ Նոր Մարաղան տալիս են ադրբեջանցիներին։ Գյուղապետն էլ ասել է՝ գնացեք ձեր իրերը հավաքեք։ Գիշերն էլ եկան, մեր իրերը ո՞նց վերցնենք»։

Այժմ մնացել են առանց տուն, ու միակ բանը, որ տիկին Էլմիրան ցանկանում է՝ տունն է, որտեղ կկարողանան երեխաներին մեծացնել․ «Էստեղ ուտելու տեղը տեղին է, քնելու տեղ տեղին է, տեղերս տաք է։ Բայց մեզ մի տուն է հասնում, գնանք մեր տանը մեռնենք։ Շուշին կա ոչ, Շուշիում երկու սենյակ ունեինք, մի սենյակ տաք, խոխեքիս պահեմ մեջը։ Նոր Մարաղան կա ոչ՝ խոխեքիս պահեմ մեջը։ Ես հավի բնում էլ կքնեմ, բայց էս քյոռփա խոխեն ի՞նչ անի, որտե՞ղ տանեմ։ Ձմեռ ա, ձյուն ա գալիս»։

Ընտանիքին Մարտակերտում տուն են առաջարկել, սակայն հրաժարվել են, քանի որ տունը դատարկ է եղել, իսկ իրենք էլ ոչինչ չունեն ապրելու համար։

Ասում է՝ թոռները դեռ Հայաստանում էլ չեն հաղթահարել պատերազմից ստացած հոգեբանական վնասները․ «Որ եկանք, հասանք Երևան, ասում են՝ բաբո՛, թուրքերը կյամ են։ Մի ինքնաթիռի կամ մեքենայի ձայնից ասում են՝ բաբո՛, սամալյոտը կյամ ա մեզ բամբիտ անի, կոտորի։ Տենց խոխա կլինի՞։ Վախում են խոխեքը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031