Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ հացահատիկի, ո՛չ էլ կարտոֆիլի պակաս․ Շիրակում միայն այծերի ու ոչխարների դեֆիցիտ կա

Դեկտեմբեր 30,2020 17:17

2020 թվականը Շիրակի մարզի համար գյուղատնտեսության առումով բարեբեր էր․ 2019 թվականի համեմատ 20 հազար տոննա ավելի հացահատիկ է արտադրվել։ Այս մասին տարեվերջյան իր հաշվետվությամբ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։

«Չնայած 2019 թվականը բոլոր նախորդ տարիների համեմատությամբ գյուղատնտեսության ոլորտի համար ամենաբարենպաստ տարին էր․ 58 համայնքներ ունեինք կարկտահարված, 4 միլիարդ դրամի վնաս, 2020 թվականը, թերևս, փակեց 2019 թվականի բացը, բայց նշեմ, որ մենք աշնանացանի ցանքային կառուցվածքով նորից պակաս ունենք այս տարի։ Այդ պակասը լրացվեց էկոնոմիկայի նախարարության, կառավարության կողմից աջակցության ծրագրով։ Այս տարի ՀՀ-ում իրականացվեց աշնանացան ցորենի մասնակի սուբսիդավորման ծրագիր, և մեր մարզում շուրջ 12 ֆերմերային տնտեսություններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք կարողացան գնել մոտ 600 տոննա բարձրորակ աշնանացանի սերմ, և այս թիվը մոտ 2000 հեկտար ընդհանուր տարածքով ավելացրեց մեր մարզի ցուցանիշը։ Եթե այս ծրագիրը չլիներ, բնականաբար, մենք 2000 հեկտար պակաս ցանք կունենայինք նախորդ տարվա համեմատությամբ։ Այս տարվա և նախորդ տարվա ցուցանիշը գրեթե հավասար են ՝ մոտ 15 հազար հեկտար»։

Պաշտոնյան նաև նշեց, որ կարտոֆիլի համախառն արտադրության աճ է գրանցվել․ նախորդ տարի 68 հազար տոննա էր կազմում կարտոֆիլի համախառն բերքն, այս տարի՝ 75 հազար տոննա։

«Այս մասով կարող էինք ավելի բերք ունենալ, եթե չխանգարեին բնակլիմայական պայմանները, 28 համայնքներ կարկտահարվել են, շուրջ 4900 հեկտար ցանքատարածությունները տուժել է՝ 50-100 տոկոսով, վնասը հաշվարկված է և կազմում է մոտ 2,9 միլիարդ դրամ»։

Նա նաև նշեց, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են կատարվել մարզում, տեղադրվել են 50 հակակարկտային կայանքներ։ Ողջ մարզում 149 հակակարկտային կայանքներ կան։

Մարզպետարանի պաշտոնյան հույս հայտնեց, որ 2021 թվականին սերմնաբուծության ծրագիրը կշարունակվի և Շիրակը մարզը, որ Հայաստանի Հանրապետության հացահատիկի արտադրությամբ զբաղվող մարզն է, կկարողանա 120-150 հազար տոննա հացահատիկ արտադրել։

«Նշեմ, որ այն 12 ֆերմերային տնտեսությունները, որոնք մասնակցել են սերմնաբուծության ծրագրին, իրենք սերմ են արտադրել և վաճառել ոչ միայն մեր մարզում, այլև հանրապետության ուրիշ մարզերում՝ Գեղարքունիքում, Արագածոտնում»,-ասաց Մովսես Մանուկյանը։

Մարզպետարանի պաշտոնյան, անդրադառնալով նաև մարզի անասնապահությանը, նշեց, որ դեռ համախառն արտադրության տվյալներն ամփոփված չեն, վաղը նոր պարզ կդառնա պատկերը, սակայն 2019 թվականի համեմատ՝ 2020 թվականին գյուղատնտեսական նշանակության կենդանիների գլխաքանակի աճ կա։

«Նվազում ունենք միայն ոչխարների ու այծերի թվաքանակի։ Վստահեցնում եմ, որ այս տարի բազմացման և նոր ծնի շրջանում այդ պակասը կլրացնենք»,-ասաց Մովսես Մանուկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031