Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եղնիկներում» հերթափոխ չեն կարողանում անել, որովհետեւ Ադրբեջանը ճանապարհը փակել է». Արթուր Այվազյան

Դեկտեմբեր 30,2020 17:05

«Սյունիքում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ավելի է վատթարացել: Ամեն ինչ այն աստիճանի է լկտիացել, որ հայտնի ցուցանակը տեղադրվեց: Սյունեցին միայնակ կանգնած է Թուրքիայի եւ Ադրբեջանի դիմաց»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը (հայտնի «Մոնախ» մականվամբ), որը Սյունիքում է եղել նախորդ օրերին:

«Սա իրենց կոկորդին է մնալու, դեռ չգիտեմ, թե էլ ինչ ծրագրեր ունեն: Մեր ջոկատները չեն զինվում, նույն խնդիրն ունենք: Մի քանի օր առաջ ԵԿՄ-ից խումբ եկավ հերթափոխի, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Մեր զորամիավորումները հանվել են իրենց դիրքերից, բնակավայրերն ամբողջությամբ նշանառության տակ են: Այսօր էլ նույնն է շարունակվում: Էլ չեմ պատկերացնում, թե վարչապետի աթոռը զբաղեցնողը սրա համար ինչ պատասխան է տալու»,-նշեց Արթուր Այվազյանը:

Նա ասաց, որ ադրբեջանական կողմի տեղադրած ցուցանակը պահելու համար դիպուկահար է աշխատում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ցուցանակ էր տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին, ինչն առաջացրել էր սյունեցիների մտահոգությունը: «Սրանից ավելի ուժեղ ստորացո՞ւմ: Սա թույլ է տալիս մեր կառավարությունը»,-համոզմունք հայտնեց Արթուր Այվազյանը:

Նա վստահ է, որ Սյունիքի համայնքապետերի շնորհիվ, որոնք ընդվզել են կառավարության դեմ եւ ցանկանում են Սյունիքը պաշտպանել, շուտով իրավիճակ է փոխվելու:

Արթուր Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ դիմել էր ՊՆ-ին՝ հստակեցնելու համար իր ստորաբաժանման անդամների սոցիալական կարգավիճակը, սակայն ՊՆ-ից աբսուրդ պատասխան է ստացել՝ «նախարարությունը պատվիրված նամակներ չի ընդունում»: Սա այն դեպքում, երբ, Այվազյանի խոսքով, ավելի քան քառասուն օր իր կամավորները մասնակցել են ռազմական գործողություններին, սակայն դա ամրագրող փաստաթուղթ չկա: «Գուցե սա սադրա՞նք է: Թող զանգեն ինձ, անձամբ ներկայանամ եւ նամակս տամ, բացատրեմ խնդիրները: Իմ նամակները քննարկվել են ԱԱԾ-ում, նախագահի աշխատակազմում, իսկ ՊՆ-ից նման պատասխան է գալիս: Մարդիկ հազար ու մի սոցիալական խնդիր ունեն: Պետությունը հատկացնում է այդ գումարը, ինչո՞ւ իմ ստորաբաժանման անդամները չեն ստացել այն: Անգամ ես որպես հրամանատար չունեմ այդ տեղեկանքը, ես ինչո՞ւ պետք է մուրամ այդ թղթի կտորը, չէ՞ որ մարդիկ քառասունչորս օր թողել են իրենց ընտանիքը եւ կռվել»,-հավելեց Արթուր Այվազյանը:

Նրա խոսքով՝ այսօր Սյունիքում անգամ հովիվն իրեն անվտանգ չի զգում. «Եթե բանակին իր գերիշխող դիրքերից չհանեին, այս խնդիրը չէինք ունենա: Ըստ օդում կախված լուրերի՝ հավաքված զենքը բեռնատարներով տեղափոխել են Երեւան: Ինչի՞ համար, ո՞վ կբացատրի, ինչո՞ւ չեն պահել Սյունիքում, որտեղ զորամիավորումներ կան: Սահմանին գտնվող բոլոր բնակիչները՝ կին, թե տղամարդ, պետք է զինված լինեն, որովհետեւ բանակն իր խնդիրը չի կատարում: Բոլոր բնակավայրերը նշանառության տակ են: Մեր հանդեպ էլ սադրանքներ են անում, ասում են, թե մենք պատերազմ ենք հրահրում, բա հակառակորդի քթին ո՞վ խփի, որ չլկտիանա, միջպետական ճանապարհին ցուցանակ չդնի: Սյունեցին այսօր հանգիստ չի կարող քնել, որովհետեւ Սյունիքում է ապրում»:

Արթուր Այվազյանը նաեւ հայտնեց, որ հանդիպումներ է ունենում մի քանի ինքնապաշտպանական ջոկատների հետ. «Մենք միավորվելու ենք, շատ կամավորներ են գալու, ու թող փորձեն մեզ չզինել: Եթե կարծում են, թե մեզ տանելու են ձեւական հերթափոխի, սխալվում են: Այսօր «Եղնիկներում» հերթափոխ չեն կարողանում անել, որովհետեւ Ադրբեջանը ճանապարհը փակել է: Հասկանո՞ւմ եք լկտիության աստիճանը: Սա հարյուր տոկոսով եմ ասում, դե թող հերքեն: Ադրբեջանը թույլ չի տալիս Լիսագորն անցնել: Ոմանց թվում է, թե այս ամենը մարսելու են: Չի լինելու այդպես»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031