2020 թվականին սկիզբ առած hամավարակը ստացավ «աներևույթ թշնամի» բնութագրումը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը, լինելով Հայաստանում ամենամեծ բուժհաստատությունը, վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի և 9 ամիս շարունակ պայքարում է նոր կորոնավիրուսով հիվանդների կյանքերի համար:
Այս ամիսներին բուժկենտրոնում է կենտրոնացել ողջ հանրապետության ծայրահեղ ծանր պացիենտների, հղիների, հեմոդիալիզի կարիք ունեցողների բուժօգնության ցուցաբերումը:
Կենտրոնը մինչ օրս ընդունել է ավելի քան 12 000 պացիենտ (57%-ը ծանր և ծայրահեղ ծանր), այդ թվում` 926 հղիի, 500 երեխայի, 521 հեմոդիալիզի կարիք ունեցողի:
Նաև սեպտեմբերի վերջին սկսված արցախյան պատերազմի արդյունքում COVID-19 պացիենտների թիվը կտրուկ աճեց: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շուրջ երեք ամիս նոր կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիական անձանց զուգահեռ, բուժում էին ստանում նաև COVID-19 դրական, համակցված և կոմբինացված վնասվածքներով զինծառայողները: Ռազմական գործողությունների իրականացման թեժ կետերում անմիջական մասնագիտական ներգրավվածություն են ունեցել բուժկենտրոնի շուրջ 40 բուժաշխատողներ:
Կարդացեք նաև
Պատերազմի առաջին օրերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ծավալված հոսպիտալում մեր բուժկենտրոնից գործուղված բժիշկների, միջին և կրտսեր բուժաշխատողների խմբի ջանքերով բազում կյանքեր փրկվեցին:
Այժմ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շարունակում են բուժվել նոր կորոնավիրուսով պացիենտներ, բուժկենտրոնն իր անխափան աշխատանքը կիրականացնի նաև տոնական օրերին։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն