«Ի՞նչ GPS: Դուք գիտե՞ք, թե GPS ծառայություն մատուցող քանի ընկերություն կա աշխարհում: Գիտե՞ք, որ Ադրբեջանը փող է տվել համապատասխան GPS ծառայությանը, որ սահմաններն իր ուզածով գծեն, մինչդեռ ՊՆ-ն մեզ ասում է, թե սահմանները GPS-ով են որոշվում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանին Ադրբեջանի հետ տարածքային հարցերին:
«Էշի ականջում քնած՝ ասում են, թե դրանք վարչական սահմաններ են: Դա եռակողմ հայտարարության տեսքով պետք էր ամրագրել, կանխատեսել: Գերիների հարցով էլ ի՞նչ է կատարվում: Ոչ մի խոսք գլխավորի մասին, միայն ասում են՝ ժողովուրդ, ժողովուրդ, ժողովուրդ…»,-դժգոհեց Արա Սահակյանը:
Մեկնաբանելով ընդդիմության բողոքի գործողությունները՝ նա նշեց. «Իշխանությանը մերժողները հայտնվել են քննադատության տարափում, թե դուք քիչ եք, նախկին եք, համոզիչ չեք, եւ այլն: Համաձայն եմ՝ քիչ ենք, բայց իրավիճակը լիցքաթափելու ավելի կարճ ճանապարհ կա: Փաշինյանին հարցրեք՝ ինչո՞ւ չի գնում: Եթե նա հեռանա, հարցը կունենա իրավաքաղաքական, բարոյահոգեբանական լուծում»:
Արա Սահակյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն իրենց հրեշավոր ծրագիրը կյանքի կոչելու համար առաջին հերթին փակեցին մարդկանց բերանները. «Խուճապ չտարածելու անվան տակ մենք զրկվեցինք այսօրվա խոսքը պատերազմի օրերին ասելուց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ