Ռուսաստանը չի նկատում որևԷ սադրանք Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի գոտում կարգավորման միտում ունի,- ասել է նա։- Բավականությամբ ենք նշում Բաքվի և Երևանի տրամադրվածությունը՝ կատարելու ստանձնած պարտավորությունները, գործը հասցնելու իրավիճակի ընդհանուր կայունացմանը։ Կցանկանայի նշել կողմերի դրսևորած համագործակցելու բարձր պատրաստակամությունը տեղում առաջացող հարցերի լուծման գործում։ Ռուսաստանն իր հերթին շարունակում է պատասխանատու և արդյունավետ կերպով իրականացնել կրակի դադարեցման երաշխավորի իր գործառույթները։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ առայժմ չեն նկատվել»։
Լավրովը նշել է, որ միակ նկատելի խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին այնպիսի վայրում որտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել։ «Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում ռուս խաղաղապահների հրամանատարության գործադրած եռանդուն քայլերը թույլ են տվել խուսափել միջադեպի ծավալումից,- ասել է Լավրովը։- Կշարունակենք հետագայում էլ ջանքեր գործադրել հրադադարի խախտում թույլ չտալու համար»։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ