Վերակերտե՛նք Հայաստանի Հանրապետությունը
Պատերազմը դավադիր ծանր հարված էր մեր ազգի և պետականության թիկունքին։
Ամանորի շեմին ոգեկոչում ենք պատերազմում զոհվածներին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։
Մաղթում ենք, որ Նոր Տարվա մեջ սփոփանք և մխիթարություն գտնեն զոհվածների հարազատները, պարզվի անհայտ կորածների ճակատագիրը և բոլոր ողջ մնացածներն ու գերիները վերադառնան Հայրենիք։
Կարդացեք նաև
Սիրելի հայրենակիցնե՛ր
Պատերազմը ցույց տվեց, որ այսպես կոչված 3-րդ հանրապետությունը ձախողված է։
Խորհրդային Հայաստանի իրավահաջորդության և Արցախի անկախության կեղծ ու արհեստական հայեցակարգերի վրա հիմնված և բացառապես Ռուսաստանի անվտանգության երաշխիքի վրա կառուցված մեռելածին պետական համակարգը չհանձնեց ժամանակի քննությունը։
Մեր աչքի առաջ այդ պետական համակարգը կազմալուծվում է՝ ահագնացող աղետի ընթացքի մեջ ներքաշելով բոլորիս։
Պետականության կորստի այս աղետալի ընթացքը կասեցնելու և մեր գոյությունն ու առաջադիմությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր պետական համակարգ և վերակերտել Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանի Հանրապետությունը կարող է վերակերտվել 1-ին Հանրապետության իրավահաջորդության և անկախ ու բազմաբևեռ արտաքին ռազմավարության հիման վրա։
Նման խնդիրը հնարավոր չէ լուծել ներկայիս կիսագաղութային, սնանկ ու ինքնափլուզվող պետական համակարգի ներսում և դրա կանոններով։
Նրա Սահմանադրությունը, պայմանագրերը, օրենքները և ինստիտուտները կարող են կիրառելի լինել այնքանով, որքանով պիտանի կլինեն Հայաստանի Հանրապետության վերակերտման համար։
Փլուզվող համակարգից դեպի գործուն համակարգ անցնելու այս հրամայականը կյանքի կոչելու խնդիրը հնարավոր է լուծել բացառապես անցումային կառավարման միջոցով։
Անկախ ձևավորման եղանակից, հաջորդ կառավարությունը պետք է լինի անցումային ու ժամանակավոր։
Զուգահեռաբար՝ ամեն գնով պետք է բացառենք երկիրը կապիտուլյացիայի հասցրած ներկայիս կառավարության ձեռքով Հայաստանի անունից նորանոր ստորացուցիչ պարտավորությունների ստանձնումը։
Ուստի, հայության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջին քայլը պետք է լինի՝ հնարավորինս կարճ ժամկետում և անցնցում կերպով պետության կառավարումը փոխանցել անցումային ժամանակավոր կառավարությանը։
Մեր երիտասարդ զինվորների անձնուրաց մաքառումն ու զոհաբերությունը մեզ պարտադրում են հրաժարվել մնացյալ կեղծ օրակարգերից և միասնաբար կատարել այլընտրանք չունեցող այս քայլը։
Ի գո՛րծ։
Մե՛նք ենք տերը մեր երկրի։
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ