Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական համակարգը լիարժեք չի աշխատում». ՀՀ նախագահ

Դեկտեմբեր 30,2020 15:12

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ:

«Այս պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը շատ միասնական է, կար օգնելու ու աջակցելու պատրաստակամություն։ Անհատների կողմից աջակցությունը հսկայական է եղել՝ և՛ սրտով, և՛ մտքով, և՛ գործով,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այն այսօր էլ շարունակվում է: Օգնում են մարդիկ, ում ոչ աշխատանքի նկարագրության մեջ է գրված, որ դա պետք է անեն, ոչ էլ ի պաշտոնե է նրանց պարտականությունը, պարզապես նրանց սրտի խոսքն է: Կարծում եմ՝ առաջին քայլը պետք է լինի պետության անունից ձեզ շնորհակալություն ասել: Շնորհակալ եմ, շատ բարձր եմ գնահատում ձեզնից յուրաքանչյուրի արածը: Գիտեմ, որ բոլորդ հստակ մի նպատակի համար եք արել՝ դա հայրենասիրությունն է: Ընդունեք իմ խորին հարգանքն ու ջերմ շնորհակալությունը ձեզնից յուրաքանչյուրին»:

Նախագահն ասել է, որ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է․ «Իմ կյանքի փորձառության մեջ դժվարությունները հաղթահարելու լավագույն ձևը վազելն է՝ աշխատելը,-նշել է նախագահը: -Դուք այս ընթացքում «վազում էիք», բայց ամեն մարդ չի կարողանում դա անել, ուստի գուցե դուք օգնեք շատերին «վազել»: Դուք արել եք այն, ինչ արել եք, հետևաբար, ձեզ ինչ-որ բարոյական դասեր տալու կարիք ընդհանրապես չկա: Հակառակը, ձեզնից շատերից կարող ենք սովորել»:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է փոխել մեր մոտեցումը պետության ու պետականության հանդեպ: «Մեր ազգային արժեքներն ու պետականությունը պետք է կարողանանք ամեն օր պաշտպանել,- ասել է նախագահը, -կարողանանք ցույց տալ, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք, արժանի ենք մեր նախնիներին։ Երբ ուժեղ ես, կազմակերպված, միշտ կհաղթես:

Պետք է ճիշտ ձևավորել զարգացման մոդելը: Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով: Միշտ հավատացել եմ բաց մոդելին: Երբ 1996-ին վարչապետ էի, աշխարհն այլ էր՝ այն նյութական էր, բնական ռեսուրսների աշխարհ էր, իսկ ընդամենը 30 տարում աշխարհը դարձավ բոլորովին ուրիշ, վիրտուալ աշխարհ: Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ Սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք:

Ամենակարևոր բաներից մեկը կրթությունն է: Մանավանդ այս նոր մոդելով և 21-րդ դարում կրթությունը շատ կարևոր է: Երբ ունես հազարավոր լավ կրթված երիտասարդներ արտասահմանում, ուղղակի պետք է նրանց ներգրավել:

Պետք է աուդիտ անենք բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից, ազատությունից սկսած: Մենք ունենք պետություն, որտեղ ամեն ինչ անձնավորված է, բոլորը փրկիչ են փնտրում: Երբ անձնավորում ես ինստիտուտը մարդու հետ, դա աղետ է: Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ: Դուք երիտասարդ եք, ձեզնից յուրաքանչյուրը առաջնորդ է:

Պետական համակարգը լիարժեք չի աշխատում: Ես չեմ կարծում, որ այսպես ասած՝ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Եկեք համակարգային մոտեցում ունենանք: Առաջարկում եմ՝ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարող ենք հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել: Առաջարկում եմ, որ նորից հանդիպենք և համակարգված աշխատենք: Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք»:

Ի պատասխան Սփյուռքի համախմբմանը վերաբերող հարցի՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պետք է մարդկանց ներգրավել, քաղաքացիության հետ կապված պատնեշները հանել: «Պետությունը հստակ ծրագիր պետք է ունենա,-ասել է նախագահը: -Երկրից խոսելուց ազգի մասին պետք է խոսել՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Լոս Անջելես ապրող հայերի, բոլորի։ Մենք խնդիր ունենք արմատական փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս առումով Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Այսօր եկել է պահը: Վճռական պահ է և պետք է փոխել մեր մոտեցումները: Այդտեղ նույնպես ես պատրաստ եմ ձեզ, Սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատել:

Տաղանդավոր ժողովուրդ ենք, ամեն տեղ մեր տաղանդը ծաղկում է, բացի մեր երկրից: Եկեք ամեն ինչ անենք, որ այս երկիրը զարգանա: Ես որպես նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ երկիրը կայուն լինի և առանց մեծ կորուստների առաջ գնա: Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու: Առաջարկում եմ համագործակցել, անշուշտ ոչ քաղաքական նպատակներով: Պարզ ասել եմ՝ չեմ պատրաստվում վարչապետ լինել, չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտեմ, որ ունեմ պարտականություններ այս շենքում նստած: Մանավանդ հիմա, երբ վիճակը ճգնաժամային է, այս ինստիտուտը դառնում է ավելի կարևոր»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031