Լրահոս
Օրվա լրահոսը

«Труп, оружие, пленники?». ռուս խաղաղապահները խաղաղ դեմքով՝ հայ վարորդներին. Ի՞նչ է կատարվում Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին

Դեկտեմբեր 30,2020 15:17

«Труп, оружие, пленники ?»,-անտարբեր տոնով հարցնում է ռուս խաղաղապահ-զինծառայողը Շուշի-Ստեփանակերտ անցակետում: Չես հասցնում մարսել հարցերը, երբ հավատալով վարորդի ազնիվ խոսքին, որ թվարկածից որեւէ մեկը ավտոմեքենայում չկա, խաղաղապահն ասում է՝ անցե՛ք ու բարի ճանապարհ է մաղթում:

Հարցուփորձ են անում նաեւ՝ փոխադրամիջոցում քանի մարդ կա, ո՞ւր են գնում եւ որտեղի՞ց են գալիս: Հենց այս անցակետում է, որ շատ մոտիկից ադրբեջանցի զինծառայողների էլ ենք հանդիպում:

Մի ճանապարհը դեպի Շուշի է տանում: Մյուսը՝ Ստեփանակերտ: Երեւանից գալիս ադրբեջանցիների հենակետը ճանապարհի աջ հատվածում է տեղակայված, Ստեփանակերտից դուրս գալիս՝ ձախ: Ադրբեջանցի զինվորները, ճիշտ է, պատնեշի հետեւում են կանգնած, բայց այն այնքան բարձր չէ, որ հայերի ու ռուս խաղաղապահների անցուդարձը չերեւա:

Եթե ավտոմեքենայում երիտասարդ տղամարդիկ են լինում, ադրբեջանցի զինծառայողներից ոմանք քթների տակ ինչ-որ արտահայտություններ են իրենց թույլ տալիս: Մեր տղաներն էլ, այսպես ասած՝ տակ չեն մնում՝ պատասխանում են՝ թեկուզ ժեստերով: Այսինքն՝ հակամարտություն կա, բայց լուռ է:

Սակայն, ընդհանուր առմամբ, ճանապարհին իրավիճակը խաղաղ է, լարվածություն չկա: Միայն նրանք են լարված լինում, որոնք պատերազմից հետո առաջին անգամ գնում են Արցախ: Հատկապես՝ Հայաստանի սահմանների «ճշգրտումներից» հետո, թվում է՝ ամեն սարի գլխին ադրբեջանցիներն են կանգնած կամ ամեն թփի տակից դուրս են գալու՝ անկախ այն բանից, որ այդ սարերն ու թփերը հայկական տարածքում են: Երեւի դա էր պատճառը, որ գրեթե ամեն օր Երեւան-Ստեփանակերտ գնացող-եկող մեր վարորդին ճանապարհի «կասկածելի» հատվածներում հարցնում էինք՝ էս սա՞րն էլ է մերը, էս ծա՞ռն էլ է մերը:

Ընդհանուր առմամբ, մինչեւ Ստեփանակերտ հասնելը 6-7 զինվորական անցակետ կա: Առաջին անցակետը, որտեղ ավտոմեքենաներն ու քաղաքացիները ուժեղացված ռեժիմով ստուգում են անցնում, Գորիս-Լաչին ճանապարհին է՝ չհասած Բերձոր: Այստեղ հսկողությունն իրականացնում են հայ սահմանապահները, պարտադիր ստուգում են մեքենայում գտնվողների բոլորի փաստաթղթերը, ավտոմեքենաները՝ նույնպես: Փաստաթղթի, մասնավորապես՝ անձնագրի բացակայության դեպքում, չափահաս քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ, անգամ՝ ստիպված լինել հետ դառնալ: Բացատրում են՝ արցախցիների անվտանգության համար է:

Երկրորդ անցակետը Արցախի մաքսակետում է տեղակայված, այստեղ նույնպես ռուս խաղաղապահներն են: Պատերազմից հետո մաքսակետը դեռեւս չի գործում:

Երրորդը Բերձորում է, այսպես ասած՝ «կոլցեվոյում»: Այստեղ խաղաղապահներն ընդլայնված կազմով են Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովում: Ավելի շատ տեխնիկա կա, քան սովորական անցակետերում ու ճանապարհի այլ հատվածներում:

Այստեղ էլ՝ ինչպես Շուշիի հատվածում, օրվա կամ շաբաթվա ընթացքում ճանապարհը փակելու անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ադրբեջանական զինվորների հերթափոխն անցնի: Եթե Շուշիի անցակետում ադրբեջանցիներն իրավունք ունեն մեքենայից իջնել, իրենց տարածքում քայլել, ապա Բերձորի «կոլցեվոյում» ադրբեջանցիներին արգելված է մեքենայից իջնելը:

Ռուս խաղաղապահները երկու կողմից շրջափակում են՝ մինչեւ շարասյունը անցնի: Մնացած անցակետերը՝ ռուս խաղաղապահներով տեղակայված են Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհի տարբեր հատվածներում, որտեղ մեքենաները չեն էլ կանգնեցնում:

Պարզապես, վարորդները դանդաղեցնում են ավտոմեքենայի ընթացքը, որպեսզի խաղաղապահ-զինվորները հասցնեն ավտոմեքենայի համարանիշը ֆիքսել եւ տեսնել՝ քանի մարդ կա ներսում: Ընդհանրապես, բոլոր անցակետերում համարանիշերը եւ մարդկանց քանակը գրանցվում են եւ այդ մասին հաղորդվում է հաջորդ անցակետին: Դա նույնպես արվում է անվտանգության նկատառումներով, որպեսզի անցակետից անցակետ ընկած հատվածում անվտանգային խնդիրներ առաջանալու դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկվեն:

Անցագրային վերջին կետը Ստեփանակերտ քաղաքի մուտքի մոտ է: Այստեղ էլ Արցախի ոստիկանությունն է հսկում, հարցուփորձ է անում՝ որտեղի՞ց են գալիս, մեքենայում քանի՞ անձ կա:

Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին էլ պատերազմի հետքերը տեսանելի են: Լաչինի հատվածներում երկու կարեւոր նշանակության կամուրջ ռմբակոծված է, որից մեկով անցնելը խիստ վտանգավոր է եւ վարորդներն այն շրջանցում են: Դրանք, որպես ռազմավարական օբյեկտներ, անօդաչու թռչող սարքերն են խոցել՝ պատերազմի առաջին օրերին:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031