Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ապագայում բազմաթիվ ռումբեր տեղադրած իշխանությունը, գոնե պետք է հասկանա, որ «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով. Սարհատ Պետրոսյան

Դեկտեմբեր 30,2020 14:50

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին (մի քանիսը տես մեկնաբանություններում)։

Իրականում մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր մի քանի օր առաջ տված հարցազրույցում ասում է թե՝ տեսեք ի՞նչ վատն են նախկինները, դեռ 2010-ին նախկիններն են ընդունել, որ Հայաստանի ինչ-որ հատվածներ սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։ Մի կողմ թողնենք, որ ըստ Արծվիկ Մինասյանի ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակահատվածում հենց հայտարարության հեղինակն իրենց խմբակցությունից միակն է եղել, որ 2014 թվականին այդ նույն օրենքում փոփոխությանը կողմ է քվեարկել, օրենքում ճիշտ է նկարագրված սահմանը և այլ կերպ չէր կարող լինել։

Կամ մեկ այլ դեպքում, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած մեկ այլ անձ, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ սահմանների հիմքում դրվելու են 1928-1930 թվականների քարտեզները, իսկ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ խոսում է խորհրդային միության վերջին քարտեզների մասին։ Եվ վերջում պարզվում է, որ սահմանը գծում են, այնպես, ինչպես ադրբեջանցիներին են ուզում, քանի որ կապիտուլյացիայի փաստաթղթի տակ ստորագրած իշխանության ստեղծած պետական կառավարման ներկա ճգնաժամի պայմաններում մենք չենք կարող անգամ ծպտուն հանել։

Այս պայմաններում, երկրի ապագայում բազմաթիվ ռումբեր տեղադրած ներկայիս իշխանությունը, գոնե պետք է հասկանա, որ ներկա «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով։ Մասնավորապես, պետք է հրաժարվել սահմաններին նկարագրական մասերից ու անցնել կոորդինատների միջոցով սահմանազատման։

Պարզ բացատրելու համար. սահմանը ոչ թե պետք սահմանազատվի «սարի գագաթից X կմ դեպի հյուսիս-արևելք ու հետո X կմ հարավ-արևմուտք մինչև եսիմինչ ձորակը», ինչպես մինչև հիմա է կատարվել, այլ ի սկզբանե ֆիքսենք կոորդինատներով, որոնք հետագայում տարակարծության առարկա չեն կարող լինել։

Ի դեպ, նման փորձ մենք ունենք։ 2019 թվականին կադաստրային տարածագնահատման գոտիների ֆիքսման ժամանակ մենք նկարագրական մասին կցեցինք նաև կոորդինատներն ու քարտեզները։ Նկարագրությունն այն ժամանակ չկարողացանք առհասարակ բացառել, բայց առաջին քայլն արված է։ Ճիշտ է այդ աշխատանքները կատարած անձինք արդեն պետական համակարգում չեն աշխատում (տես նրանց հարցազրույցները մեկնաբանություններում), նախևառաջ կառավարության, ապա կադաստրի կոմիտեի դիլետանտ ու կոռումպացված կառավարման պատճառով, սակայն կարծում եմ ցանկության դեպքում հնարավոր է նման մեթոդաբանությամբ առաջնորդվել ու գտնել լուծումներ։

Մնում է լինի ցանկություն… Բայց դե ո՞ւմ, ի՞նչ եմ ասում։

Հ.Գ.-Նաև մի խորհուրդ այս պահին սահմանների հետ կապված գործընթացներում ներգրավված անձանց։ Ինչպես իմ գործընկերներից մեկը նշեց իր (ներքևում դրված) հարցազրույցում, Վրաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեջ ներգրավված մի շարք անձինք դատապարտվել են սխալ սահմանագծման համար։ Այնպես որ, աշխատեք հեռու մնալ այս գործընթացից, եթե չեք ուզում ապագայում դատապարտվել հայրենիքի դավաճանության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031