Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի լուրջ վտանգ կա մեր եւ հարեւան երկրների հանդեպ». Արա Պապյան

Դեկտեմբեր 30,2020 14:46

«Մեր շուրջը մեծ փոփոխություններ են նախապատրաստվում: Կա պատերազմի լուրջ վտանգ ՀՀ-ի շրջակայքում՝ հարեւան երկրների հանդեպ, մեր հանդեպ: Հետեւաբար, հրադադարը չի կարելի ավարտ համարել, դա միայն մեկ փուլի ամփոփումն էր»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռ» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը: Նա կարծում է, որ նշյալ մարտահրավերները նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք կյանքի կոչելու համար պետք են նոր, ունակ իշխանություններ. «Հավատանք, որ առաջիկա տարին ավելի նպաստավոր կլինի մեր համար»: Պապյանի համոզմամբ՝ նաեւ պարենային անվտանգության խնդիր կա, մինչդեռ խորհրդարանում երրորդական նշանակության հարցեր են քննարկում: Արա Պապյանը հավելեց՝ իրենք ժամանակավրեպ են համարում ցույցեր ու հավաքներ կազմակերպելը, որովհետեւ գտնում են, որ ժողովուրդն այնպիսի հոգեբանական վիճակում է, որ հանդարտվելու ժամանակ է պետք:

Արա Պապյանի բնորոշմամբ. «Բացի այդ, տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ են պատրաստվում: Վկայակոչեմ միայն ԱՄՆ այն օրենքը, որով ԱՄՆ հետախուզության ղեկավարին պարտավորեցվեց 90 օրում առաջարկներ ներկայացնել՝ Հարավային Կովկասի վերաբերյալ, այդ թվում՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հանդեպ քաղաքականության եւ ռազմավարական շահերի մասին: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլեւս չի կարող անտարբեր դիրքորոշում ունենալ: Շատ բան է պայմանավորված արտաքին քաղաքական գործոններով»:

Ըստ Արա Պապյանի՝ վերոնշյալից բացի նաեւ Իրանի դեմ են առաջիկայում հնարավոր ռազմական գործողություններ. «Իսկ երբ հարեւան երկրում բախում կամ պատերազմ է լինում, դա գայթակղություն է բերում նաեւ մյուսների համար՝ առիթն օգտագործելու տեսանկյունից: Բացի այդ, Զանգեզուրի մեր գյուղերի հանդեպ Ադրբեջանն անընդհատ սադրանքներ է իրականացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031