«Հարցը նախնական քննարկվել է, վարչապետի հետ հանդիպում չի եղել: Մենք որոշակի զարգացումներ ենք տեսնում, որ, փաստորեն, պարոն Փաշինյանն այդ քննարկումները կազմակերպում է մեկ նպատակով, որպեսզի քննարկման մասնակիցներին համոզի, որ ինքը շարունակի մնալ, պաշտոնավարի վարչապետի պաշտոնում, եւ նման կերպով շարունակվի հետագա քաղաքական ընթացքը, եւ լինեն արտահերթ ընտրություններ կամ ոչ: Դա էլ դեռ հասկանալի չէ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ առաջիկա տարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելուն միտված հանդիպումներին քաղաքական ուժերի հետ:
«Անկյունաքարում պարոն Փաշինյանը դնում է իր պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ կառուցողական մոտեցում է եւ ձախողված է: Մենք պետք է նկատի ունենանք, որ, միանշանակ, արդյունավետ կլինի, եթե խոսքը վերաբերի նրա հրաժարական տալու ձեւին եւ մեխանիզմին: Եթե հրաժարականի հարցը չի ներառվում, եւ հանդիպումները ծառայեցվում են իր պաշտոնավարման շարունակությունը համոզելուն, վերջնական եզրակացություն պետք է անենք սրանից»,-հավելեց Վարուժան Ավետիսյանը:
«Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Արա Պապյանն էլ հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կատարել ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի, սահմանադրական փոփոխությունների հետ կապված իր խոստումները. «Մենք դատում ենք՝ ելնելով անցյալի քաղաքականությունից: Դրա համար Փաշինյանը փոփոխություններով պետք է փաստի իր պատրաստակամությունը: Անցումային փուլը կարեւոր է՝ դա իրականացնելու համար: Փաշինյանի կողմից ճիշտ քաղաքական առաջարկ չի ասելը, թե հաջորդ տարի ընտրություններ լինեն: Պետք է օրակարգը եւ ամսաթիվը, դրան նախորդող փուլերը հստակեցվեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ