Հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման «Անիվ» հիմնադրամը թարմացրել է իր կայքը:
Նոր կայքում հիմնադրամի և դրա իրականացրած նախագծերի կողքին՝ կարելի է ծանոթանալ պլանավորված միջոցառումներին և հայագիտությանը վերաբերող նորություններին: Ամենակարևոր բաղկացուցիչը հիմնադրամի հրատարակած գրքերն են, հրապարակումները, հայագիտական նյութերը, հոդվածներն ու օգտակար հղումները:
Կայքում զետեղված է նաև «Անիվ» ամսագրի հոդվածների արխիվը: Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:
Արցախի, Հայաստանի և ամբողջ հայության համար այս դժվարին օրերին մենք որոշեցինք ազատ մուտք ապահովել Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի էլեկտրոնային տարբերակի համար: Դրա ռուսերեն տարբերակը հրատարակվել է «Անիվ» հիմնադրամի կողմից 2018թ-ին.: Նոր վկայություններով լրացված գրքում մանրամասն նկարագրված է Պատմական Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող համանուն շրջանը (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում):
Կարդացեք նաև
Հայերով բնակեցված Հյուսիսային Արցախը հարուստ էր հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական մշակութային հուշարձաններով: Բնիկ բնակչության տեղահանությունից հետո 1988-1992թթ. այդ հուշարձանները խտրական վերաբերմունքի են ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, դրանցից շատերը ոչնչացվել են, որի հետևանքով ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակութային ժառանգությունն ունեցել է հսկայական կորուստ:
Ընթերցողն այս գրքում կգտնի ակադեմիական ճշգրիտ տեղեկատվություն, որը հաստատում է պատմական այդ տարածքի հայկական լինելը: Աշխատանքում ներկայացված է 400 բնակավայրերի պատմություն, այդ թվում՝ Գանձակ քաղաքը (Գյանջա), տարածաշրջանի նկարագրությունն ու պատմական հուշարձանների լուսանկարները: Գրքում զետեղված է մոտ 1600 լուսանկար:
Գրքի հրատարակումը փորձ էր՝ գոնե մասնակի պահպանել Հյուսիսային Արցախի պատմությունն ու մշակութային արժեքները սերունդների և ապագա հետազոտողների համար: Այսօր, երբ հայ ժողովուրդը կրկին ստիպված է պաշտպանել իր գոյության իրավունքը, «Հյուսիսային Արցախ» գիրքը, առավել քան երբևէ, արդիական է: «Անիվ» հիմնադրամը կոչ է անում գիրքը ներբեռնողներին դրամական փոխանցում կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: