Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գույքագրել պետական մարմինների ունեցած տեղեկատվական համակարգերը, աշխատել դրանց որակի բարձրացման և միմյանց հետ ինտեգրման ուղղությամբ․ Արամ Ստեփանյան

Դեկտեմբեր 30,2020 11:15

«Գեոդեզիա, քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թվային տվյալների աշխարհը մերօրյա Հայաստանում․

Թեմային որոշել եմ անդրադառնալ՝ հաշվի առնելով, որ որոշ բացթողումների վերաբերյալ նախկինում իրազեկ էին միայն մասնագետներն իրենց ոլորտներում, իսկ հիմա պատերազմը մերկացրեց իրողությունները շատերի համար, գրեթե առանց բացառության։

Տարիներ շարունակ բազմիցս հայտարարվել է, որ թվայնացվում են առկա թղթային արխիվները, ավտոմատացման համակարգեր են ներդրվում, սակայն ակնհայտ է, որ դա կրում էր ավելի շատ լոկալ պիլոտային ծրագրի կամ լավագույն դեպքում մի ոլորտի արխիվի հատվածական մակարդակ և վերջ։ Հարգելիներ, տեղեկատվական կամ երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը կամ թվայնացումը, օրինակ` մեկ համայնքի մասով չի կարելի համարել հեղափոխություն, առավել ևս համարել, որ բաղձալի նպատակն այլևս իրագործված է։

Այս ենթատեքստում ավելորդ եմ համարում նույնիսկ անդրադառնալ արհեստական բանականության կիրառման երազանքի մասին խոսակցություններին։ Նախ և առաջ՝ թվային տվյալները պետք է ունենան հստակ կարգեր և չափորոշիչներ, անընդհատ թարմացման հնարավորություններ, համաժամանակեցվեն և ինտեգրվեն այլ տվյալների բազաների հետ։

Երկրորդ՝ տվյալները պետք է հագեցնել վերլուծական գործիքներով և ներդնել որակի բարձրացման մեխանիզմներ։ Դիտարկենք մեկ օրինակ՝ արդյունքն ավելի տեսանելի դարձնելու համար։ Դիցուք հետևյալ դեպքը՝ ՄՈԲ-ի հավաքագրման ժամանակ, ըստ զինվորականների՝ մամուլում հրապարակված հարցազրույցների, անհրաժեշտ էին համապատասխան կլիմայական պայմաններում և տեղանքում ծառայած հրետանավորներ, սակայն այս խնդրի արդյունավետ լուծումը հնարավոր չեղավ տալ կարճ ժամանակում, արդյունքում հավաքագրվեցին նշված պահանջին անհամապատասխան մարդիկ, որն ըստ էության և՛ նվազեցրեց ռազմական գործողությունների արդյունավետության և հասցեականության մակարդակը, և՛ հանգեցրեց առավել մեծ կորուստների, որոնցից գուցե հնարավոր կլիներ խուսափել կամ նվազեցնել տվյալների ճիշտ վերլուծության դեպքում։

Այսօր արդեն տվյալների արդի բազաների և համապատասխան վերլուծական գործիքների միջոցով հնարավոր է վայրկյանների ընթացքում պարզել վերջին կատարված գնումը, զանգը և այլն։ Իհարկե, նման մոտեցումները անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից որոշակի հետքայլ են ենթադրում, այդուհանդերձ, պատերազմի մեջ գտնվող կամ նույնիսկ պատերազմի վտանգը մշտապես կրող պետությունը իր քաղաքացիների, նրանց մասնագիտացման, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների մասին պետք է ունենա հստակ, ճշգրիտ և անընդհատ թարմացվող տեղեկատվության շտեմարան։

Մեկ այլ օրինակ առօրյայից, թե ինչպես են պարզ թվային տեխնոլոգիաները հեշտացնում կյանքը։ Հավանաբար շատերը բախվել են ատամնաբույժ փոխելու խնդրին, երբ նախորդ բժշկի կատարած բուժումների վերաբերյալ քանակական և որակական բոլոր տվյալները կորչում են կամ էլ, լավագույն դեպքում, դրանց մի մասը պահպանվում է մեր անձնական հիշողության մակարդակում, սակայն համակարգված լուծում և միասնական կենտրոնացված տվյալների բազա առկա չէ։

Իսկ դա, թերևս, մեծ ծախսեր չի պահանջում, ընդամենը անհրաժեշտ է ստեղծել կենտրոնացված տվյալների բազա իր ծրագրային ապահովմամբ, և բուժառուին նույնականացնելով՝ ատամնաբույժին հասանելիություն ապահովել նախկինում կատարված բոլոր աշխատանքների և ամբողջական բժշկական պատմության նկատմամբ։ Այս առումով հետաքրքրական և նաև անչափ կարևոր է նշել, որ զարգացած երկրներում դժբախտ պատահարի կամ այլ դեպքերում մարդկանց մարմինների անճանաչելիության պարագայում նույնականացումը կատարվում է ատամների միջոցով։

Ինչո՞ւ եմ այս օրինակները դիտարկում կամ թեման բարձրացնում։ Պատասխանը պարզ է․ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ հաջորդ իրավիճակում (իսկ դրա բարձր հավանականության վերաբերյալ վատատեսական ենթադրությունների պակաս, կարծես թե չկա) պետական համակարգերի պարալիզացումը և/կամ անարդյունավետ աշխատանքը կարող է ճակատագրական և կործանարար լինել։ Հաճախ մարդիկ պնդում են, թե զարգացած երկրներում էական չէ ղեկավարի ընտրությունը, որովհետև պետության զարգացման ընթացքը մեկ անձով պայմանավորված չէ, և դրանում ճշմարտության զգալի չափաբաժին կա։

Թեև պետության ներկան ու ապագան կոնկրետ առաջնորդի ձեռագրով է պայմանավորվում, սակայն պետության զարգացումը հենվում է ներդրված համակարգերի վրա, որոնց մի մասնիկն են նաև թվայնացված տվյալները և դրանց կառավարման համակարգերը, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։

Ժամանակը սուղ է, կարելի է անգամ պնդել՝ ժամանակ չկա բոլորովին, պետք է գույքագրել պետական մարմինների ունեցած տեղեկատվական համակարգերը, աշխատել դրանց որակի բարձրացման և միմյանց հետ ինտեգրման ուղղությամբ։ Ավելի խոցելի են այն պետական մարմինները, որոնցում նման համակարգեր ներդրված կամ գործարկված չեն, այս բացերը հարկավոր է շտկել նվազագույն ժամկետներում, պատշաճ ուշադրություն դարձնելով դրանց անընդհատ թարմացման վրա։

Միայն ակտիվ և համարձակ քայլեր նախաձեռնելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա արդյունաբերական չորրորդ հեղափոխության երկրների թվում կայուն դիրք զբաղեցնել։

Բնավ մտադրություն չունեմ կշտամբելու որևէ պետական մարմնի պատասխանատուի, երիցս ոչ։ Պարզապես պահն է վերագնահատելու և վերաիմաստավորելու պատասխանատվության այն ծանրությունը, որը ձեզանից յուրաքանչյուրը ստանձնել է իր ոլորտում։ Բեռ բառը չեմ օգտագործում մտադրված, որովհետև վստահ եմ, որ հայրենիքի և նրա զարգացման համար ներդրված ջանքերը պատվաբեր են, ուրեմն պետք է այսօր արդեն մտածել, թե ինչ ենք մենք ժառանգելու մեր սերունդներին, և ինչպիսի տառերով է գրվելու Հայաստանի նորագույն պատմությունը։

Հարցի գինը մեր հայրենիքի ապագան է։

Զարթի՛ր լաո, մըռնիմ քըզի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031