Լրահոս
Օրվա լրահոսը

«Կափսոսամ, որ ստվերային ընդամենը 10 միլիոն դոլարի պատճառով դուք կողմ քվեարկեք այս նախագծին». Լենա Նանուշյան

Դեկտեմբեր 29,2020 22:56

ՀՀ ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը զգուշացրեց՝ պատգամավորների ներկայացրած նախագիծը հանգեցնելու է ծխողների թվի ավելացմանը՝  ի հաշիվ մեր երեխաների:

Այնուհետև մանրամասնեց. «Գովազդն եք հետաձգում մեկ տարով, բազմաթիվ կյանքերի խեղմանը և պետական միջոցների վատնմանը նպաստում: Այո, 310 մահ: Յուրաքանչյուր կյանքը գնահատելու գաղափարախոսությունը որպես տեսլական անհրաժեշտ է որդեգրել մեր բոլոր քաղաքականություններում: Շատ կափսոսամ, որ ստվերային ընդամենը տասը միլիոն դոլարի պատճառով դուք կողմ քվեարկեք այս նախագծին»:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այս նախագծի երեք դրույթների երկարաձգումը պատճառաբանեց  նաև այն հանգամանքով, որ ծխախոտային արդյունաբերությունը ՀՀ-ում օրինակ անցած տարի ապահովել է 200 միլիարդ դրամի հարկեր:

Լենա Նանուշյանն ի պատասխան ասաց՝ իրենք քննարկումներում կիրառել են ապացուցողական, գիտական հիմք ունեցող փաստեր և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից սահմանված մարդակենտրոն մոտեցումներ։

Նա ասաց՝ հասկանում են՝ ՀՀ-ն թույլ է դիմակայելու ծխախոտային արդյունաբերության կեղծ հիմնավորումներին. ու նշեց. «Ասում եք՝ ԵԱՏՄ-ի հետ խնդիր կա, մենք ասում ենք՝ պատրաստ ենք ապացուցել, որ որևէ խնդիր չկա, ասում եք՝ արտահանումը կդժվարանա, մենք ասում ենք՝ չի դժվարանա, տնտեսական վնասից եք խոսում, որևէ թիվ չեք գնահատում, բերում որպես հիմնավորում: Մենք չորս օրվա ընթացքում կապ ենք հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, հաշվել ենք, որ բերենք ձեզ, լրջորեն ենք մոտեցել այդ տնային առաջադրանքին, ցույց ենք տվել: Ընդհանուր գործելաոճը լավ կլինի անցնենք պաշտոնական գրագրությանը: ՊԵԿ նախագահի գրությունն է ինձ մոտ, որտեղ այլ բան է, քան դուք ներկայացնում եք: Իսկ այն տեղեկանքը, որ ներկայացվել է ինձ ու պատգամավորներին, վարչապետի համար մշակված տեղեկանք էր՝ ելնելով նրանից, որ դրա հիմքերը շատ թույլ էին, դրան ընդհանրապես ընթացք չի տրվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031