Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել եւ ընդունել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Դեկտեմբեր 29,2020 22:48

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված մի շարք օրինագծեր:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կառավարությունը նախատեսում է ավելացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը: Նախագծով առաջարկվում է 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, համաձայն եկամտի չափի՝ սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո եղել են առաջարկներ, որոնք հեղինակի համար որոշ վերապահումներով ընդունելի են:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս ներկայացրել է Ռուստամ Բադասյանը: Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր նախադասությամբ, ըստ որի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»: Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «երկու» բառը փոխարինվում է «մեկ» բառով: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը: Առաջարկվում է մեկ տարով հետաձգել վերոնշյալ օրենքների այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Հետաձգվող դրույթները վերաբերում են ծխախոտի եւ նրա փոխարինիչների՝ վաճառակետերում ցուցադրության սահմանափակումներին, փաթեթավորմանն ու մակնշմանը:

Հարակից ելույթում ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը՝ նշելով, որ քննարկվող փաթեթն ավելացնելու է ինչպես ծխողների թիվը, այնպես էլ ծխելու հետեւանքով առաջացող մահերը:

Հաջորդիվ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` «2020 թվականի դեկտեմբերի 31-ը բառերը փոխարինել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հեղինակի խոսքով՝ փոփոխությունը հնարավորություն է տալու բոլոր տնտեսավարողներին կատարվող ներդրումների համար ժամկետը եւս 1 տարով երկարաձգել:

Կառավարության կարծիքը նախագծի վերաբերյալ դրական էր:

Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատել պետական տուրքից: Ինչպես այս, այնպես է նախորդ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխության չէր ենթարկվել:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանի ներկայացմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասինե օրինագիծը: Գործադիրն առաջարկում է օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ 2.2-րդ մասով, այն է՝ «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսը»: Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագիծը չի փոփոխվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը: Նրա տեղեկացմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծային փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն Կադաստրի կոմիտե: Ըստ զեկուցողի՝ մինչեւ սահմանված ժամկետը հնարավոր չէ ապահովել էլեկտրոնային հարթակի գործարկումը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Վերջին հարցը, որը քննարկվել է երկրոդ ընթերցմամբ, «Քաղաքաշինության մասին» օրենքի նախագիծն էր, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի 14.3-րդ եւ 30-րդ հոդվածներում, որոնցով առաջարկվԱԺում է առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը չթույլատրելու ժամկետը 2021 թվականի հունվարի 1-ից երկարաձգել մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված բոլոր նախագծերը:

Սպառելով նստաշրջանի օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031