Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական տարվա ամփոփումն ու Շիրակի մարզպետի մաղթանքը

Դեկտեմբեր 29,2020 22:38

Այսօր Շիրակի մարզպետարանում ամփոփվեցին ամենաբարդ ու տխուր տարվա արդյունքները։

Բոլոր ոլորտների պատասխանատուները հանդես եկան զեկույցներով՝ մանրամասն հաշվետվություններ ներկայացնելով կատարված աշխատանքների ու բացթողումների մասին։ Օրինակ՝ հայտնի դարձավ, որ 2020թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 76.1 %-ով։ Գյումրին սեփական եկամուտները կատարել է 82.6%, Արթիկ քաղաքը` 77.9%: Մարզի 27 համայնքներ չեն ապահովել 2020թ. տասներկու ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 76.1%-ը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, իր ամփոփիչ խոսքն ուղղելով համայնքապետերին, ասաց․ «Համայնքներում խնդիրները, որոնք ստացել ենք պատերազմի ու քովիդի հետևանքով, ձեր առանձնահատուկ ուշադրության կարիքն ունեն, նաև առանձնահատուկ մարդկային վերաբերմունքի։ Ինձ համար ցավալի է, որ անհետ կորածների կամ գերիների հարազատներից հնչում է, որ այս ամբողջ ընթացքում իրենց դռները ոչ ոք չի թակել և չի հարցրել՝ ինչպես եք։

Պարզ է, որ մեր համայնքների սոցիալական վիճակը, մեր բյուջեները հնարավորություն չեն տալիս լուրջ փոփոխություններ բերել այդ մարդկանց կյանքում, բայց մարդկանց նկատմամբ ուշադրությունը, մարդկանց նկատմամբ վերաբերմունքը ընտրովի մարմնի ամենամեծ պատասխանատվությունն է։ Այս տարի փորձության ընթացքում բացահայտեցինք համայնքապետերի, որոնք ուղնուծուծով նվիրված են իրենց բնակչությանը, ուղնուծուծով համայնքների խնդիրների մեջ են թաղված՝ անկախ քաղաքական գործընթացների ընկալումից, անկախ մեր մարդկային հարաբերությունների ընկալումներից։ Եղեք ձեր համայնքների բնակչության համար լավ ղեկավարներ, սա է ամենակարևոր հորդորը, որը ես կարող եմ հնչեցնել։

Այս պարագայում բոլորիս կցանկանամ, որ 2021 թվականը բոլորիս համար լինի հաջողված աշխատանքի տարի»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը երախտիքի խոսք հնչեցրեց առողջապահության ոլորտի բոլոր աշխատողներին, քանի որ նրանք գերծանրաբեռնված են եղել ու վտանգելով իրենց կյանքը՝ մարդկային կյանքներ են փրկելու ու դեռ փրկում են։ Նա նշեց, որ Շիրակի մարզում մեծ թվով բուժաշխատողներ են վարակվել կորոնավիրուսով։

«Մենք երախտիքի խոսքն ենք ասում մեր առողջապահության ոլորտի աշխատակիցներին, մեծ երախտիքի խոսք ունենք մեր հայրենիքի պաշտպաններին։ Հազար փառք այն տղաներին, որոնք այսօր չկան, արագ ապաքինում այն տղաներին, ովքեր վիրավոր են ու լավ լուր բոլոր անհայտ ճակատագրերի մասին, նրանց, որոնք այս պահին, թերևս, պարզ չէ, գերիներին են, անհետ կորածներ են, այստեղ նստած մարդ չկա, որը վստահաբար չի ուզենա լավ լուր ստանալ տղաների ճակատագրերի մասին։  Այս տարվա խորհրդանիշն առողջապահության ոլորտի մարդն էր ու պաշտպանության ոլորտի մարդը, Աստված տա մյուս տարվա խորհրդանիշը լինի աշխատանքի ոլորտի մարդը, գյուղացին լինի խորհրդանիշը, շինարարը լինի խորհրդանիշը, որպեսզի կարողանանք մեր համայնքները և նրանց միջոցով մեր երկիրը հասցնել մեծ նպատակի։ Մեծ աշխատանքի տարի եմ ցանկանում բոլորիդ»,-ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031