Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մենք պատերի տակ վնգստացող դատավորների անունները գիտենք». Ռուբեն Վարդազարյան

Դեկտեմբեր 29,2020 20:50

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վարչական շենքում հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «լուծենք դատարանների հարցը, հետո կանցնենք ընտրություններին» հայտարարություններին, ասաց. «Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը սահմանում է այն հիմնարար սկզբունքները, որոնք վերաբերում են ԵԽ անդամ երկրների դատավորներին, նաև ունի թիվ 18-րդ կարծիքը: Լեյտմոտիվն այն է, որ իշխանության թևերի միջև կոնֆլիկտը նորմալ է: Կոնֆլիկտի բացակայությունը նշանակում է, որ դիկտատուրա է: Ես կապը չեմ տեսնում: Դատարանները որևէ առնչություն չունեն որևէ ընտրական գործընթացի հետ: Այո, եկեք լուծենք դատական իշխանության հարցերը: Եկեք մեր ֆինանսավորումը բարձրացնենք, մեզ թափուր հաստիքներ տվեք, մեր շենքերը վերանորոգեք»:

Լրագրողների հարցին՝ արդյոք ԲԴԽ նախագահին հաջողվե՞լ է պարզել՝ կա՞ն դատարանների պատերի տակ «վնգստացող դատավորներ», ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Գտնում եմ՝ այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք ունենալ, ստեղծել, հիմքերը դնել անկախ դատական համակարգ ունենալու: Պատերի տակ վնգստացող արտահայտության մասին ասել ենք՝ այո, մենք ունենք նման դատավորներ և մենք նրանց անունները գիտենք: Այսօր էլ այդ անունները չեմ հրապարակի: Շատ կուզեմ՝ գոնե 1.5 տարի հետո ՀՀ դատական իշխանությունում վնգստացող դատավորների թիվը լինի 0»:

Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ տեսանյութին, որտեղ քննարկում էին դատավորի պահվածքը ու այս առիթով ասաց. «Եթե դա իրականություն է, ապա մտահոգում է միանշանակ: Երկու քաղաքացի իրար հետ զրուցում են և խոսում են երրորդ անձի մասին: Եթե դա իրականություն է, կոչ եմ անում ՀՔԾ-ին զբաղվել, եթե այդտեղ կան քրեական պատասխանատվության հիմքեր, եթե չկան քրեական պատասխանատվության  հիմքեր, ապա կարգապահական պատասխանատվության հիմքեր պիտի լինեն: Դատավորների ընդհանուր ժողով և արդարադատության նախարարություն խնդրում եմ արձագանքեք, հակառակ դեպքում, քանի դեռ չկան այդ վարույթները, ես դա համարում եմ որպես բամբասանք: Մեզ անհրաժեշտ է, որ վարույթ լինի, որ ես կարողանամ գնահատական տալ և ինչ-որ փաստով ասել այդպես է, թե՝ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031