Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը՝ օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ծրագրի մասին. «Աստված տա՝ ազգի այսօրվա ամբողջ պրոբլեմը դա լինի»

Դեկտեմբեր 29,2020 20:30

Մարզաշխարհի ներկայացուցիչների հետ ԿԳՄՍ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Aravot.am-ը նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականի օլիմպիական տարում սպորտի պետական կառույցը ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի պլանավորած եւ օլիմպիական խաղերին ավելի լավ նախապատրաստվելու նպատակով ի՞նչ համագործակցություն կա ՀԱՕԿ-ի հետ:

Նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը մեր հարցի երկրորդ մասին պատասխանեց. «Մենք խնդիր չենք տեսնում եւ բոլոր կառույցների հետ համագործակցությունը պահպանում ենք՝ թե պետական մակարդակով, թե ընկերական մակարդակով առաջարկություններ լսելու եւ քննարկելու»:

Մեր դիտարկմանը, թե օլիմպիական տարում ենթադրվում է բոլոր ուժերի կենտրոնացում, մարզական կառույցների միջեւ ավելի սերտ ու նպատակային համագործակցություն, նախարար Վահրամ Դումանյանը հակադարձեց. «Եթե այդպիսի հարցեր եք ուզում տալ, հիմա ես եմ հարց տալիս: Նախ, սկզբից գանք, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչից ենք խոսում: Ես ԿԳՄՍ նախարար եմ: Դա նշանակում է՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ: Ես պնդում եմ՝ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը այդ բոլորը պրոֆեսիոնալ մակարդակի վրա ապրած, զգացած լինի: Կրթությունը իմ կյանքում պրոֆեսիոնալ զգացել եմ, գիտությունում պրոֆեսիոնալ ճանապարհ եմ անցել, մշակույթը՝ որպես քաղաքացի, սպորտն էլ՝ որպես հայ, որը երկրպագել է իր երկրի սպորտը կամ ինչ-որ մարզաձեւ, որը դուր է գալիս: Հիմա տեսեք՝ ինչ եք դուք հարցնում: Ի՞նչ ծրագիր ունի նախարարությունը: Դուք գիտեք, որ այս պահին մենք փոխնախարար էլ չունենք: Պարոն Արթուր Մարտիրոսյանն է զբաղվում, թեեւ դա իր ոլորտը չէ: Նա երկու փոխնախարարի պարտականություն է կատարում: Պետք չէ ակնկալել, որ ես այս պահին կարող եմ պատասխանել ձեր տված նուրբ հարցին: Հարցին ես հարցով պետք է պատասխանեմ: Իսկ օլիմպիական կոմիտեն պատրաստվո՞ւմ է սերտ համագործակցել նախարարության հետ: Եթե օլիմպիական տարի է եւ մենք ունենք օլիմպիական կոմիտե, բնական չէ՞, որ ակտիվությունը այնտեղ պետք է եռա… Դուք մեզ եք հարցնում՝ ինչպես եք պատրաստվում օլիմպիական կոմիտեի հետ համագործակցել: Ճի՞շտ հասկացա: Մենք ինչ: Մենք բոլորի հետ, եթե ոլորտային կազմակերպություն է եւ իր գործունեությունը տվյալ դաշտում է, բոլորի հետ ամենաակտիվ ձեւով պատրաստ ենք համագործակցության: Բայց եկեք չմոռանանք առաջնահերթությունները, ոլորտի պատասխանատվությունը՝ ով ինչի համար է պատասխանատու: Մենք ցանկացած դպրոցի, քոլեջի հետ պատրաստ ենք ամենաակտիվ ձեւով համագործակցել: Բայց դա չի նշանակում, թե նախարարությունը ողջ կազմով պետք է գնա մտնի իքս դպրոց եւ իմանա՝ դպրոց ինչ եք ուզում, ոնց եք անում: Համակարգային է մոտեցումը: Հակառակը, դպրոցը պիտի գա նախարարություն: Եթե օլիմպիական տարի է, բառն արդեն ուղղորդում է, թե որտեղ պիտի այդ գործունեությունը եռա՝ այն ինչ կապված է օլիմպիականի հետ: Ոլորտը համակարգող կառույցը ԿԳՄՍ-ն է: Ուրեմն, մենք սպասում ենք օլիմպիական կոմիտեի ակտիվ գործողություններին, որպեսզի օլիմպիական տարին տանեն փառքով եւ մեծ հաղթանակներ գրանցեն օլիմպիական կոմիտեի ակտիվ մասնակցությամբ»:

Դիտարկմանը, թե  ձգձգվում է, ժամանակ չի մնում, նախարարը հակադարձեց. «Ո՞վ է ասում ժամանակ չի մնում: Մի անհանգստացեք, ժամանակը բավարար է, ծրագիրը կկազմվի: Աստված տա՝ ազգի այսօրվա ամբողջ պրոբլեմը դա լինի: Ինչի՞ մասին եք հիմա դուք խոսում: Մեր վիճակը՝ ձեր շտապողականությունը: Չի կարելի կտրվել մեր իրականությունից: Կհասցնենք, մի անհանգստացեք: Ու փառքով կմասնակցենք օլիմպիական խաղերին: Աստված կտա, մի կասկածեք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031