«Քաղաքական ճգնաժամը շարունակվում է»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա տեղեկացրեց՝ հանդիպման ընթացքում ներկայացրել է ԼՀԿ դիրքորոշումը ու մանրամասնեց. «Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և նախապատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ ընթացքում անհրաժեշտության դեպքում քննարկելու ենք նաև սահմանադրական փոփոխությունների հարց: Վարչապետն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք»:
Էդմոն Մարուքյանը փաստեց՝ առանց մեզ` ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի, այս խորհրդարանը չի կարող ցրվել ու պարզաբանեց. «Եթե մենք չեղանք խորհրդարանի ցրման մեջ, խորհրդարանը չի ցրվի: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել՝որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի: Խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ մենք ու ԲՀԿ-ն դեմ ենք դրան: Ես ասացի, ես առաջադրվելու եմ, չեմ բացառում Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի: Այս պահին Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր տարբերակը սա է. պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Սա խորհրդարանական երկիր է, վարչապետը խորհրդարանին զեկուցող ենթակա պաշտոնյա է: Եթե վարչապետը նախաձեռնել է խորհրդարանում մեզ հետ հանդիպել, օրակարգ ունի, մենք էլ ունենք մեր օրակարգը»:
Դիտարկմանը՝ քաղաքական մեծամասնությունը Ընտրական օրենսգիրք է բարեփոխում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց հարցով. «Ունի՞ 88 ձայն, որ ընդունի, դե, թող ընդունի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ