«Հանդիպումը չէր կարող երկար տևել, որովհետև ասացի իմ դիրքորոշումը: Ինչ ասել եմ հրապարակային, ասացի իր երեսին»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա տեղեկացրեց. «Նույնն ասացի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար միայն մի ելք կա՝ իր հրաժարականը: Իսկ խորհրդարանական ընտրությունների հարցն առաջ տանելու մասին ասել եմ՝ այդ դեպքում Դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ դա ընդունելի լինի, մնացածի մասին կբանակցենք»:
Գագիկ Ծառուկյանը լրագրողների մյուս հարցերին չցանկացավ պատասխանել: Հարցադրումների շարանին, թե ի՞նչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ինչպե՞ս է լինելու, նա վրդովվեց ու արձագանքեց՝ հարգելի լրագրողներ, ձեր ցավը տանեմ, ասացի՝ իմ դիրքորոշումը չի փոխվել: Լրագրողներից մեկին էլ դիտողություն արեց՝ ներողություն, շատ ես խոսում աղջիկ ջան, հետո էլ հորդորեց, թե գնացեք, հարցերը Նիկոլ Փաշինյանին տվեք:
Այնուհետև ևս մեկ անգամ ասաց. «Իր երեսին եմ ասել՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական ելքն իր հրաժարականն է վայրկյան շուտ: Ինքը պիտի ժամանակավոր պաշտոնակատար չլինի: Եթե դա ընդունելի է, կբանակցենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ