Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամպագորգոռ հայտարարությունները՝ գնում ենք, Աղդամը վերցնենք և այլն, վտանգավոր են». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 29,2020 18:35

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում  պարզաբանեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցում է իր սահմաններով, և ՀԱՊԿ անդամ չի այն տարածքը, որը ԼՂՀ-ի Սահմանադրությամբ ամրագրված է և հանդիսանում է ԼՂՀ: Նա ասաց. «Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը՝ նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերային հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք»:

Լրագրողները հիշեցրին՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-Նիկոլ Փաշինյան հանդիպման ժամանակ ընթանալու է նախարարական պորտֆելների փոխանակում ԲՀԿ-ի հետ: Այս առիթով Ալեն Սիմոնյանն ասաց. «Նման բանի մասին խոսել չի կարելի: Եղել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը հանդիպման հետ կապված: Ուրախ եմ, որ թե ԲՀԿ-ն, թե ԼՀԿ-ն թե այլ կուսակցություններ, որոնք արդեն հայտարարել են, պատրաստ են այդ քննարկումներին»:

Հարցին՝ պատրա՞ստ եք ձեր ընդդիմության հետ պորտֆելներ կիսել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չասացի, որ մեր կուսակցությունում նման բան է քննարկվում: Քաղաքական գործընթացներ են ընթանում»:

Ալեն Սիմոնյանը հրաժարվեց արձագանքել լրագրողների այն փաստմանը, թե Սյունիքում արդեն «Բարի գալուստ Ադրբեջան» մակագրությամբ ցուցանակ է տեղադրվել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝փաստաթղթի գաղտնի մաս գոյություն ունի՞, Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց՝ նման բան չկա. «Նույնիսկ այն բառերը, որ օգտագործում են՝ դեմարկացիա և այլն, դրա մասին խոսք չկա: Խոսքը նրա մասին է, որ ադրբեջանցիները մի կողմում են կանգնում, հայերը՝ մյուս, և ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղություն»:

Լրագրողները հիշեցրին՝ վարչապետն ասում է բանավոր պայմանավորվածություններ կան, Դուք ասում եք՝ չկան գաղտնի, այլ պայմանավորվածություն, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չկա հակասություն: Բանավոր պայմանավորվածությունները ռուսական կողմի հետ են. օրինակ՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա հանդիպում է նախատեսվում»:

Ալեն Սիմոնյանը նշեց, թե ամպագորգոռ հայտարարությունները՝գնում ենք, Աղդամը վերցնենք և այլն վնասելու են: Լրագրողները հիշեցրին ինքն էլ ասում էր՝ Աղդամն իմ հայրենիքն է, մի՞թե նման հայտարարությունները վտանգավոր չէին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա իմ անձնական վերաբերմունքն է այն սահմաններին, որով Արցախի սահմաններն են գծված: Ես հիմա էլ եմ համարում, որ այն տարածքները, որոնք գրավված են Ադրբեջանի կողմից, պատմական Հայաստանի տարածքներն են»:

Լրագրողները հարցրին՝ Վիտալի Բալասանյանի՞ն նկատի ունի, քանի որ նա էր նման հայտարարություն արել¸Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե անուններ տալու կարիք լիներ, ինքը դա կաներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031