ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ իր համար նորմալ է, որ ընդդիմության համար իշխանության գործող ղեկավարի հրաժարականը առաջնային թեմա է: Ըստ նրա՝ նաև նորմալ է, որ իրենք իրենց ղեկավարներին են տեսնում՝ որպես ղեկավար: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ դա նորմալ քաղաքական գործընթաց է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրենց համար կարևոր է միայն ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի՞ հետ համագործակցությունը ընտրությունների հետ կապված հարցերում, նա պատասխանեց. «Բնական է, որ այդ կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց քվե են ստացել, իրենց հետ քննարկումն առաջնային նպատակ ունի և կարող է արդյունք տալ»:
Անդրադառնալով մյուս ուժերի հետ համագործակցությանը և ընդհանուր հայտարարի գալ-չգալուն, նա ասաց. «Ունենք առաջնային լեգիտիմություն, չենք անի ընտրություն, եթե չպայմանավորվենք»:
Հիշեցմանը՝ Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ ընտրությունների ժամանակ ամեն քվեատուփի մոտ արյուն է թափվելու և հարցին՝ իշխանությունն ի վիճակի՞ է կազմակերպել նման ընտրություն, նա պատասխանեց. «Առաջինն այն է, որ, այո, իշխանությունն ի վիճակի է այսօր իրականացնել ընտրություն: Ընտրությունները, քաղաքական ուժերի համաձայնությունը ենթադրում է իքս օրը ֆիքսել ՀՀ ժողովրդի կարծիքը և դա ներկայացնել: Կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996-ի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել, և իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի, ինքը պատրաստվում է արյունահեղություն պատրաստել, դա այլ խոսակցություն է: Նման հայտարարություններ անելն ինքնին բացասական երևույթ է: Դա հրահրում է նման տրամադրություններ»:
Կարդացեք նաև
Իրենց վարկանիշի անկման մասին հայտարարություններին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ամսի 19-ի սգո երթի ժամանակ քաղաքացիները մոտենում, իրենց աջակցությունն էին հայտնում, ասում՝ մեր կողքին են… անշնորհակալ գործ է վարկանիշի մասին խոսելը: Վարկանիշն այն է, որ վերջինը ֆիքսվել է: Պարզ է, որ 73 տոկոսը հավերժ մնալ չէր կարող՝ անկախ պատերազմից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Իսկ դուք, երիտասարդ, համակերպվել ե՞ք «նոր իրողություններին»: