Շիրակի մարզպետարանում այսօր կայացած տարեվերջյան մարզխորհրդի նիստին մասնակցում էր նաև Շիրակի փոխմարզպետ, փորձառու զինվորական Պողոս Աբրահամյանը, որն այս պաշտոնում նշանակվել էր նոյեմբերի 3-ին։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը նրան այսօր առաջին անգամ ներկայացրեց համայնքապետերին, փոխմարզպետն էլ մանրամասնեց, թե ինչ գործառույթներ է իրականացնելու։
Պողոս Աբրահամյանն, ըստ էության, համակարգելու է բոլորովին նոր ոլորտ․ նրա առաքելությունը մարզում աշխարհազորային ստորաբաժանումների ստեղծումն է, համալրումը, որը կբարձրացնի երկրի պաշտպանողականությունը։
Պողոս Աբրահամյանը նոր անձ չէ շիրակցիների համար, նա ծնվել է Ախալքալակի Զակ գյուղում, երկար տարիներ՝ 1988 թվականից մինչև 2003 թվականը ծառայել է Գյումրիում․ եղել է վաշտի դասակի հրամանատար, այնուհետ հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, հրամանատար, երկար տարիներ եղել է հակատանկային գնդի հրամանատարը։
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաև Պաշտպանության նախարարությունում, ընդհուպ մինչև մարտական պատրաստվածության վարչության պետի տեղակալ է եղել, հետագայում զբաղեցրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Կարդացեք նաև
2015 թվականից թոշակի է անցել, բայց հետագայում քաղաքացիական պաշտոնների է նշանակվել ՊՆ-ում և համալսարանում։ Գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ՝ Շիրակի մարզում նշանակվել է մարզպետի տեղակալ-աշխարհազորային կորպուսի հրամանատար։
«Ազգ-պետություն գաղափարախոսությունն ապացուցվում է նաև աշխարհազորային ստորաբաժանումների ստեղծմամբ․ մեր պիտանի մարդկանց անձնակազմը, ռեսուրսները կծառայեցնենք ի նպաստ մեր երկրի պաշտպանությանը։ Ինչքան էլ շատ են հայերն աշխարհում, մեր ունեցած բոլոր ռեսուրսներն առավելագույնս պիտի օգտագործենք երկրի պաշտպանության համար»,-ասաց պարոն Աբրահամյանը։
Ըստ փոխմարզպետի, մինչև 70 տարեկան առողջ մարդիկ ռեսուրս են։ Նա չի բացառում նաև կանանց որպես ռեսուրս դիտարկելը, քանի որ պատերազմի ժամանակ բուժօգնության և այլ ոլորտներում կանանց դերը շատ մեծ է։
«Մենք ռազմական համալսարանում ունենք նաև աղջիկների բավական մեծ հոսք, որոնք ապացուցեցին, որ ոչ պակաս են տղամարդկանցից։ Ես այն մտքին եմ, որ, իրոք, աղջիկները, կանայք լիարժեք պիտի մասնակցեն երկրի պաշտպանության գործում»,-ասաց Աբրահամյանը։
Նա ասաց, որ աշխարհազորայինները մարտական վերապատրաստվածություն կանցնեն մեր զորամասերում, հրաձգարաններում, և եթե, Աստված չանի, նոր պատերազմ սկսվի, ավելի պատրաստ կլինենք։
«Նրանք ռազմական պատրաստություն անցած մարդիկ են, նրանց պետք է վերհուշել, վերապատրաստել, նոր տեխնիկային ծանոթացնել։ Պատրաստվելու համար նաև պիտի ծախսեր անես, ավելի լավ է հիմա ծախսես պատրաստվելու համար, քան հետագայում կորցնես չպատրաստվելու պատճառով», -ասաց փոխմարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ