Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարին ներկայացվեցին մարզիկների հետազոտման, բուժման, մարզագույքի ստացման, օլիմպիական նպաստների հետ կապված ու այլ խնդիրներ

Դեկտեմբեր 29,2020 15:10

Մրցաշրջան 2020-ում հաջողություններ արձանագրած մարզիկներին, նրանց մարզիչներին եւ ֆեդերացիաների ներկայացուցիչներին պարգեւատրելուց հետո օգտվելով առիթից, որ ներկա են սպորտի տարբեր ոլորտի ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում սա իր առաջին հանդիպումն է մարզաշխարհի հետ եւ առաջարկեց ավելի մտերմիկ ու անկաշկանդ մթնոլորտում շփվել՝ ցանկանալով լսել մարզաշխարհին հուզող հարցերը, որպեսզի հետագայում կարողանան շարժվել ճիշտ ուղղությամբ:

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը բարձրացրեց մարզիկների բժշկական սպասարկման, սպորտային բժշկության հետ կապված լուրջ խնդիրները, որ առաջացել են թե կորոնավիրուսից, թե պատերազմից: «Հավաքականների անդամները վնասվածքներ ունեն ու հիմա չգիտեն, թե որտեղ հետազոտվեն, որտեղ բուժեն վնասվածքները: Սպասարկման հարցը գրեթե զրոյական է: Մի քանի ամիս հետո մարզաձեւերում սկսվելու են վարկանիշային մրցաշարերը, որոնց պետք է նախապատրաստվել լիարժեք: Սակայն կա նաեւ վիտամինների ձեռքբերման խնդիր, որոնք պարտադիր են վերականգնման համար, սակայն Հայաստանում գրանցված չեն: Վիտամինները արգելված նյութեր չեն, այլ մարզիկների համար հավելյալ սննդի դեր են կատարում: Սրանք հարցեր են, որոնց լուծումը պետք է գտնվի առողջապահության նախարարության հետ համատեղ»,- տեղեկացրեց Արայիկ Բաղդադյանը: Որոշվեց այդ հարցերով զբաղվել եւ հնարավորությունների սահմաններում լուծումներ գտնել:

Խոսք եղավ նաեւ առաջատար մարզիկների օլիմպիական նպաստի մասին, որ դեկտեմբերին չեն ստացել: Նախարարը վստահեցրեց, որ այդ խնդիրը հնարավորինս արագ կլուծվի:

Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն անդրադարձավ իրենց եւ, վստահաբար, մյուս մարզաձեւերում գույքի ստացման խնդիրներին: Նշեց նաեւ, որ պատահում է` մարզիկները միջազգային մրցաշարերի մեկնում են առանց Հայաստանի հավաքականի մարզազգեստ ստանալու: Ու թեեւ մեկնաբանվեց, որ ազգային հավաքականի համազգեստ ստանալու համար կան համապատասխան կանոնակարգեր, նախարարը խոստացավ, որ կանի ամեն բան, որպեսզի Հայաստանի հավաքականները միջազգային ասպարեզներում արժանավայել ներկայանալու հնարավորություն ունենան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031