Aravot.am-ն այսօր Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսային հիվանդության ի՞նչ պատկեր է Շիրակի մարզում։
Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում ու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում միասին ստացիոնար բուժում են ստանում 74 հիվանդ, որոնցից 38-ը Շիրակի մարզից են, մյուսները՝ հանրապետության այլ տեղանքներից։
Ըստ մեր զրուցակցի, զգալի նվազել է առանջային օղակներում բուժվողների թիվն․ այս պահի դրությամբ բուժվում է 165 պացինետ։
«Հոկտեմբերի կեսերի և ամբողջ նոյեմբեր ամսվա հետ համեմատ՝ դեկտեմբերի սկզբից մինչև այս պահն աստիճանաբար դիտարկեցինք կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազում․ եթե ասածս ժամանակահատվածում առաջնային դեպքերի հայտնաբերումը մինչև 45 տոկոս էր, հիմա իջել է 17-22 տոկոս, այդ միջակայքում է»,-ասաց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը։
Կարդացեք նաև
Նա նաև ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, որը ներառում է համավարակի տարածման սկզբից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը։
«Մարզում համավարակի տարածման սկզբից մինչև դեկտեմբերի 15-ը գրանցվել է 5899 դեպք և 121 մահվան դեպք։ Այս պահի դրությամբ մենք ունենք կայունացման և նվազման միտում»,-ասաց Լեյլի Ասլանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ