ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզներում մեդալ նվաճած, ինչպես նաեւ օլիպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներին եւ նրանց մարզիչներին:
Մինչեւ բուն արարողությանն անցնելը միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան վերջին պատերազմում նահատակված մեր հերոսների հիշատակը:
Փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ տարին COVID-19-ի եւ թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի պատճառով շատ ծանր էր ու բարդ, բայց մեր մարզիկները կարողացան իրենց մեջ ուժ գտնել եւ հաջողություններ գրանցել: Արժևորելով մեր առաջատար մարզիկների արձանագրած հաջողությունները՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նրանց պարգեւատրել է պատվոգրերով, իսկ Եվրոպայի հնգակի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Տիգրան Կիրակոսյանը արժանացել են ԿԳՄՍ բարձրագույն պարգեւի՝ «Ոսկե մեդալի»:
Կարդացեք նաև
Ողջունելով օրվա հերոսներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ բոլորը հպարտանում են նրանցով: «Ամեն երկիր, ամեն ազգ աշխարհին ներկայանալու խնդիր ունի: Տարբեր ոլորտներով մենք ներկայանում ենք աշխարհին՝ ցուցադրելով մեր ազգի անձնագիրը: Այդ անձնագրի էջերից մեկը ձերն է՝ սպորտային էջը: Փառք ձեզ: Դուք բարձր եք պահում մեր երկրի պատիվը, մեր ակնկալիքները իրականություն եք դարձնում, երբ ձեր հաղթանակի հավաստմամբ Հայաստանի դրոշն է ծածանվում: Մեր մարզիկներն իրենց կռիվը տվեցին սպորտային աշխարհում եւ, իհարկե, ռազմի դաշտում: Փառք նրանց, ովքեր նահատակվեցին, փառք մեր բոլոր զինվորներին, փառք նրանց, ովքեր կան այսօր եւ պիտի շարունակեն պայքարել, որպեսզի զարգանանք եւ հզորանանք: Մոտենում է 2021-ը: Ուզում ենք հույս ունենալ, որ 2021 թվականը էապես լավը կլինի մեր ազգի, մեր պետության համար, որ համեմատության որեւէ եզր չունենա 2020-ի հետ: Ձեզ բոլորիդ մաղթում եմ առողջություն, երջանկություն, հզորություն:
Մենք մեր հնարավորության համեստ շրջանակներում ձեզ արժանացրել ենք մաքսիմալ ուշադրության: Դուք, իհարկե, արժանի եք ավելիին: Բայց իմացեք, որ մենք միասին ենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ սպորտը զարգանա, որպեսզի հայ մարզիկը նվաճի բարձր տիտղոսներ համաշխարհային, միջազգային ասպարեզներում: Առողջ եղեք»,-ասաց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ