Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ պատերազմի ժամանակ տարածված տեսանյութերը վկայում են պատերազմական հանցագործությունների մասին. The Washington Post

Դեկտեմբեր 29,2020 14:19

Յուրի Ասրյանն ապրում էր մենակ Լեռնային Ղարաբաղի հյուիսիսում գտնվող գյուղում: 82-ամյա Ասրյանի մահը փաստագրող իրավաբանին տեղացիները պատմել են, որ նա հանգիստ, սիրված մարդ էր:

Երբ ադրբեջանական ուժերը շրջապատել են Ասրյանի գյուղը՝ Ազոխը, նա չի հեռացել գյուղից: Ասրյանի կյանքի վերջին րոպեները երևում են տելեգրամյան ալիքներից մեկում տարածված տեսանյութում, որտեղ ադրբեջանական զորքերի արտահագուստով մարդիկ բռնել են ծերունուն, իսկ նրանցից մեկը դանակով կտրում է վիզը:

Ասրյանն ուներ մեկ հարազատ՝ իր 80-ամյա քույրը՝ Մարիան, որն ամեն ամառ այցելում էր նրան, գրում է The Washington Post-ը:

Իրավապաշտպաններն ասում են, որ առցանց տեղադրված հարյուրավոր տեսանյութեր կան, որոնցում երկու կողմերի զորքերը վայրագություն են ցուցաբերում: Amnesty International-ը ստուգել է այդպիսի 22 տեսանյութ՝ հայտնաբերելով երկու հայերի գլխատման և մեկ ադրբեջանցի սահմանապահի մահապատիժ:

Տեսանյութերից մեկում երևում է, որ ադրբեջանցի զինվորները գլխատում են Մադաթաշենից 69-ամյա գյուղացի Գենադի Պետրոսյանին:

Տեսանյութը նկարահանվում է մեկի կողմից, ով կանգնած է Պետրոսյանի գլխավերևում, երբ նա ընկած է գետնին: Ծնկի եկած սաղավարտավոր զինվորը դանակով գլխատում է նրան: Մարդասպանի դեմքը տեսախցիկից հեռու է: Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է Պետրոսյանի գլուխը դրված խոզի լեշի վրա:

Ինչպես Ասրյանը, Պետրոսյանը նույնպես ապրում էր մենակ: Նա ամուսնացած չէր և երեխաներ չուներ: Ըստ իրավաբան Սիրանուշ Սահակյանի՝ նրա միակ եղբայրն ապրում է Ուկրաինայում:

Երկու տղամարդկանց Սահակյանը նույնականացրել է բազմաթիվ տեսանյութերի միջից, որոնցում պատկերված են ոչ դատական մահապատիժներ, ծեծ և բանտարկյալների նկատմամբ այլ բռնություններ, մարմինների պղծում:

Տեսանյութերից շատերը տարածվել են տելեգրամյան ալիքներում: Ըստ նրա՝ ավելի քան 60 տեսանյութեր ցույց են տալիս հայերի իրավունքների ոտնահարումներ:

Սահակյանը նշել է, որ Պետրոսյանի գյուղը տարհանվել է ադրբեջանական ուժերի մուտք գործելու նախորդ օրը, նա փորձել է վերադառնալ և գերեվարվել է:

Մեկ այլ տեսանյութում երևում են 19 չնույնականացված զինծառայողների մարմիններ՝ չորսի ձեռքերը կապած, տաբատներն իջեցված: Պարզ չէ, թե ինչպես են նրանք սպանվել:

Այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերը ծեծում և ոտքերով հարվածում գերված հայ զինվորներին: Ադրբեջանն իր չորս զինվորնծառայողների մեղադրել է գերեզմանների և դիակների պղծման մեջ:

Amnesty– ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների տնօրեն Դենիս Կրիվոշեևը երկու կողմերին էլ մեղադրել է «անբարոյականության և մարդասիրության բացակայության» մեջ ՝ «զոհերին վերջնական վնաս հասցնելու և նվաստացնելու» դիտավորությամբ:

Amnesty-ի Citizen Evidence Lab- ի ղեկավար Սեմ Դաբբերլին, որն աշխատում է տեսանյութերը ստուգելու ուղղությամբ, ասում է, որ չնայած մեծ թվով տեսանյութեր են տարածվել, բայց մինչ այժմ կարողացել են ստուգել միայն 22-ի իսկությունը, ներառյալ գլխատման երկու դեպքերը, ինչպես նաև երկու կողմերից էլ այլ մահապատիժներ, գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի և մարմինների պղծում:

Դաբբերլին նշել է, որ տեսանյութերի աշխարհագրական տեղակայումը որոշելը դժվար է, քանի որ տեսանելի տեղանքը այնքան էլ ճանաչելի չէ: Փոխարենը կազմակերպությունը զրուցել է դատաբժշկական պաթոլոգի հետ, որը հաստատել է, որ տեսանյութերը թվային մանիպուլյացիաների չեն ենթարկվել և հաստատել է, որ գլխատման տեսանյութերում ցուցադրված գործողությունները «համահունչ են գլխատմանը»:

Ըստ Amnesty-ի՝ իրենց կողմից ստուգված 11 տեսանյութեր էլ ցույց են տալիս բռնություններ հայկական ուժերի կողմից, այդ թվում ականջ կտրելու դեպքեր, ինչպես նաև բռնության 7 դեպք ադրբեջանական ուժերի կողմից:

Դաբերլին ասել է, որ մի շարք դեպքերում Amnesty-ին չի կարողացել պարզել տեսանյութերում երևացող մարդկանց ազգությունը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին հետևել Ժնևի կոնվենցիային, ըստ որի ռազմագերիները չպետք է ենթարկվեն բռնության կամ ահաբեկման: Կազմակերպությունն ուսումնասիրում է սոցիալական մեդիայում տարածված տեսանյութերը, որոնցում երևում է բռնություն ադրբեջանցի գերիների նկատմամբ: Կազմակերպությունից նաև հայտնել են, որ հայկական կողմը պահում է մի քանի ադրբեջանցի գերիների և առնվազն երեք օտարերկրացի վարձկանների:

Իրավապաշտպան կազմակերպությունները նաև կողմերին մեղադրել են ռազմական հնարավոր հանցագործությունների մեջ՝ արգելված կլաստերային մարտագլխիկներ օգտագործելու և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031