«Անթույլատրելի է, որ հիմա այս քաոտիկ իրավիճակում գնանք ընտրությունների. ամեն ինչ պիտի անենք, որ դա չլինի»,- լրագրողների հետ հակիրճ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և հարցրին՝ ԼՀԿ-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ եղե՞լ է, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Նման առաջարկ չի եղել: Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ուզում է հանդիպում: Քանի որ մենք մեր օրակարգում չունենք հիմա գնալու արտահերթ ընտրությունների, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի դեպքում կձևավորվի նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոնալ կազմով, երկիրը կկայունացնենք ու նոր կգնանք ընտրությունների: Ակնհայտ է, որ այսօր, երբ պատգամավորների անվտանգությունն անգամ ԱԺ մտնելիս կառավարությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ բան է խոսել նոր ընտրությունների մասին: Այն քաոտիկ վիճակը, որ հիմա կա, վտանգավոր է երկրի, պետության համար: Այն, ինչ տեսանք երեկ ԱԺ-ի մոտ, դա կարող ենք տեսնել ամեն գյուղում, համայնքում, և դա անվերահսկելի կլինի: Մենք չունենք այն օրակարգը, որ պետք է հիմա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»:
Հստակեցմանը՝ միայն հրաժարականի՞ օրակարգով կհանդիպեն Նիկոլ Փաշինյանին, Գևորգ Գորգիսյանն այսպես արձագանքեց. «Եթե լինի նման առաջարկ, կքննարկենք: Եթե Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցը, կարծում եմ կհանդիպենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ