ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ տպավորություն է, որ այս ԱԺ-ն մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերակատարությունն այդ գործընթացում:
Ու վրդովված ասաց. «Եվ ո՞վ է ձեզնից այն անմեղը, որ այս օրակարգն է բերել ԱԺ, թող նետի այդ քարը առաջինը և ինչպե՞ս է ստացվել, որ ձեր աչքի միջի շյուղը ընդունակ չեք եղել տեսնել, բայց տեսնում եք դիմացինի աչքի գերանը: Եվ ձեզ թվում է, թե արցախյան երկրորդ պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պիտի քննարկվեր այստեղ և կարծում եք՝ հարկատուները մեզ դրա համա՞ր են փող տալիս և կարծում եք, թե տարեմուտից առաջ ամենաշատը համերաշխության մասին խոսելու փոխարեն մենք այս հա՞րցը պիտի քննեինք»:
Դիմելով իմքայլականներին՝ Արման Բաբաջանյանն ասաց՝ շատ ավելի կուզեի, որպեսզի մեծամասնության կողմից իրենց հանձնված հանձնաժողովների ղեկավարների հարցերը քննարկեին առհասարակ ոչ թե գրառումների բովանդակությունը քննելու տեսանկյունից, այլ այդ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության, զբաղվածության ու նշեց. «Հանձնաժողովների պատկառելի մասն այս տարի առավել ևս մատնված է եղել պարապության, էլ չասեմ պատերազմից առաջ ինչով է զբաղված եղել: Մեծ մասն այդ հանձնաժողովների չասեմ պատերազմի ժամանակ ինչով է զբաղված եղել՝ հանցավոր անգործությամբ, և գուցե հենց պիտի քննարկվեր այդ հաձնաժողովների ղեկավարների հարցը: Եվ դա ավելի իմաստուն և ճիշտ կլիներ: Թե չէ Նաիրա Զոհրաբյանը մի ավել, մի պակաս գրառում է արել, կարծում եմ՝ ընդհանուր մթնոլորտը դրանից ավելի վատը չի դարձել, ոչ էլ այդ գրառման բացակայությունն ավելի լավը պիտի դարձներ մեր կյանքը: Ես, իհարկե, դեմ եմ լինելու ձեր նախաձեռնությանը, որովհետև Նաիրա Զոհրաբյանն իմ լավ բարեկամն է, անկախ նրանից, որ գուցե իր շեֆի վախից ինձ չի բարևում, բայց վստահ եմ, որ նա այս և հաջորդ խորհրդարանում անելիք ունի և այս մասին չէ, որ ուզում եմ խոսել. ավելի կարևոր հարց եմ ուզում օրակարգ բերել»:
Նա շեշտը դրեց բանակի և արդարադատության վրա ու նշեց. «Հայաստանի սահմանների անկախության և ինքնիշխանության պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն երեք հարյուր հազար պահեստազոր անհապաղ: Եթե այս մարմինը դեռևս կա, եթե այս խորհրդարանը առհասարակ գոյություն ունի, այս ԱԺ-ն դեռ գործում է ՀՀ պետության առաջ, եթե մինչև վերջ չենք որոշել հանձնվել, մինչև վերջ օկուպացված չենք համարում մեր երկիրը, համաձայն չենք հանձնել ՀՀ պետականության բանալիները, պետք է ժամ առաջ գործել: Այս մարմնի տոտալ անգործությունը չի ներվելու մեզ: Չի կարելի չունենալ բանակ, բայց ունենալ պարապության մատնված և երկրի առաջ չծառայող, խորքային ինֆանտիլիզմի և պրիմիտիվիզմի մակարդակի մնացած, իր անգործությամբ երկիրը նոր ու անխուսափելի պատերազմի տանող խորհրդարան: Պետք է արձանագրել, որ բանակում մնացած գեներալները, որոնք այս մեծ արհավիրքի ուղղակի և անուղղակի պատասխանատուներն են, չեն կարող դառնալ բանակի արդիականացման երաշխավորները: Նրանցից շատերի դավադիր, ակամա մեղսակցությամբ կորցրել ենք մեր պետության երազանքը, և այն զարգացումների համար մեզ անհրաժեշտ է այս բանակում վերջին պատերազմում խիզախած զինվորների, սպաների մասնակցությունը, որ նրանց հետ կարողանանք հանուն իրենց ընկերների, եղբայրների լուսավոր հիշատակի մեր երկրի երազանքը հետ բերենք և արհեստավարժ, արդիական բանակով պատրաստվենք մեր երկրի արժանապատիվ ընթացքին»:
Կարդացեք նաև
Բանակից բացի Արման Բաբաջանյանը կարևորեց նաև արդարադատության համակարգի առողջացումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ