Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ փոխեց ստարտափային բումը Հայաստանում․ ՏՏ-ի դերը նախկինում և հիմա

Դեկտեմբեր 29,2020 13:08

ՀՀ կառավարությունը 2000թ․-ի դեկտեմբերի 28-ին «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին»  որոշում ընդունեց, որով Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հռչակեց տնտեսության գերակա ճյուղ։

Հայաստանում ՏՏ ոլորտի նշանակալի և կարևորագույն դերը, ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական առումով, ունի պատմական հիմքեր։ Սովետական Հայաստանը առաջատար դիրք էր զբաղեցնում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում, կարևորագույն կենտրոն էր ԽՍՀՄ գիտական և գիտահետազոտական գործունեության մի շարք ոլորտների արդյունաբերության (արդյունաբերական հաշվարկ, մեյնֆրեյմ համակարգիչների, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ծրագրային ապահովում և այլն) համար։

Այս պոտենցիալը ստեղծվել է դեռևս 50-ականներին, երբ հիմնվեցին մի քանի խոշոր գիտահետազոտական ընկերություններ և կիսահաղորդչային արտադրության գործարաններ։ Շատ կազմակերպություններ ունեին ծրագրային ապահովման սեփական բաժիններ՝ մասնագիտացված հաշվապահական հաշվարկի և կազմակերպությունների մի շարք այլ  գործառույթների ավտոմատացման մեջ։

ՏՏ-ն՝ թվերով

ՏՏ-ն արագ զարգացող և ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ)՝ 2013-2018թթ հետազոտությունների՝ տարեկան միջինում 23% աճ գրանցող ոլորտ է։

ԽՍՀՄ-ից մենք ժառանգել էինք ընդամենը 6 ՏՏ ընկերություն։ Ըստ ՁԻՀ-ի զեկույցի՝ 2018 թվականի դրությամբ ընկերությունների քանակը հասել էր 800-ի` 27 տարում ավելանալով ավելի քան 133 անգամ։

  • 2018 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված 800 ՏՏ ընկերություններից 557-ը տեղական են (69.6%), իսկ 243-ը (30.4%)՝ արտասահմանյան։

  • 2019-ին ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ՀՆԱ-ի մոտ 3.27%-ը, ինչը 2020-ի բյուջեի մոտ 12%-ն է։ Համեմատության համար նշենք, որ նախարարություններից երկուսն են, որ բյուջեից ստանում են ավելի շատ գումար, քան ՏՏ շրջանառությունն է՝ Սոցապը (27․3%) և ՊՆ֊ն (20․49%)։ Իսկ ԲՏԱ նախարարության (որի ենթակայության տակ է ՏՏ ոլորտը)՝ բյուջեից հատկացվող ֆինանսավորումը 17 մլն դոլար է, այսինքն՝ բյուջեի մոտ 0.5%-ը։

  • ՏՏ-ում ներկայումս աշխատում է մոտ 24 000 մարդ, որը կազմում է զբաղվածության մոտ 4%-ը։

Ստարտափ էկոհամակարգ

Հայաստանը, որպես որակյալ և էժան աշխատուժի երկիր, կարողացել է իր կողմ սևեռել համաշխարհային ՏՏ ոլորտի ուշադրությունը։ Երկար տարիներ ՀՀ֊ում ՏՏ ոլորտը զարգացել է օտերկրյա ընկերությունների մասնաճյուղերի հաշվին։ Չնայած, արդարության համար նշենք, որ այդ ընկերությունների զգալի մասը Հայաստան է եկել տեղական ստարտափներին գնելու միջոցով։

Ինչպես տեսանք գծապատկերներում՝ 2018֊ի դրությամբ ՏՏ ընկերությունների մոտ 70%֊ը արդեն հայկական են, ՏՏ-ն շրջանառության ամենամեծ աճը գրանցել է 2015-2016֊ին, իսկ 2015-2018֊ին ընկերությունների քանակը, նախորդ 24 տարիների համեմատ, համարյա կրկնապատկվել է՝ 450֊ից հասնելով 800֊ի։

Սա արդյունքն է նաև Հայաստանում ստատափային մշակույթի զարգացման։ Առհասարակ 2015֊ը կարելի է անվանել ստարտափային բումի տարի, երբ 2013-2015 թթ-ին ստեղծված մի քանի ստարտափներ՝ Teamable-ը, Menu.am-ը, Wicastr-ը, SoloLearn-ը, gg-ն և այլք, հասան շոշափելի հաջողությունների և հանրային ճանաչման։ Այդպիսով սկիզբ դրվեց ստարտափային մշակույթին ու լեզվամտածողություն մտավ ստարտափ բառը։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2016֊ին, ստեղծվեց Sevan Startup Summit-ը, ինչը էլ ավելի տարածեց ստարտափի գաղափարն ու ոգևորեց շատերին՝ կյանքի կոչելու սեփական գաղափարները։

Ստարտափների զարգացումը ունի կարևոր նշանակություն Հայաստանի համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գիտական առումով։ Արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերում մենք պարզապես ծառայություն ենք մատուցում տվյալ ընկերությանն ու ընկերության սպասարկած երկրներին։ Օտարերկրյա ընկերությունների դեպքում առաջադրանքները հասնում են Հայաստան հիմնականում գիտական փուլում լուծումներ գտնելուց հետո՝ ինժեներական իրագործման փուլում։

Այդ առումով ստարտափները լուծում են մի քանի խնդիր․

  • Ստեղծում են սեփական ու հայկական պրոդուկտ՝ ներգրավելով արտասահմանյան ներդրումներ։
  • Ստեղծում են որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղեր գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար՝ պրոդուկտների կիրառելիության բազմաոլորտ բնույթից ելնելով։
  • Ինչպես նաև ստեղծում են հնարավորություն գիտության զարգացման համար, քանի որ շատ ստարտափներ հիմնված են սեփական գիտական նորարարությունների վրա (Krisp, SuperAnnotate, SmartClick և այլն)։

Ստարտափ էկոհամակարգի զարգացմանը զուգահեռ՝ հատկապես զարգանում են արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և տվյալագիտության գիտական ճյուղերը։ Բացի բուն ստարտափներից՝ վերջին տարիներին սկսել են հայտնվել նաև գիտահետազոտական մի շարք լաբորատորիաներ, օրինակ՝ YerevanN-ը և Gate42-ը։ Վերջինս Հայաստանում հիմք դրեց քվանտային ծրագրավորման ուղղությանը։

Այսպիսով, կարելի է պնդել, որ անվիճելի է ՏՏ ոլորտի դերն ու նշանակությունը Հայաստանի համար։ Հաշվի առնելով ոլորտի ներկայիս պոտենցիալը և դերը՝ հաջորդիվ կանդրադառնամ ոլորտի բիզնես և կրթական ռազմավարությանը։ Կփորձեմ ցույց տալ՝ արդյոք մենք ունե՞նք մեր պոտենցիալին համապատասխան ռազմավարություն՝ ինչպես բիզնես, այդպես էլ կրթական առումով։

Գեղամ ՋԻՎԱՆՅԱՆ

Մաթեմատիկ, ծրագրավորող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031