Հադրութի Տող գյուղում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական տեղեկությունների, զոհվել է մեկ ադրբեջանցի և 6 հայ զինծառայող, Ադրբեջանի փորձագիտական հանրության մեջ քննադատությունների ալիք է բարձրացրել Ռուսաստանի նկատմամբ, գրում է Turan գործակալությունը:
Մասնավորապես, Ադրբեջանի փորձագիտական հանրությունը կատարվածի մեջ մեղադրում է Ռուսաստանին, որն իր վրա էր վերցրել հրադադարի պահպանման առաքելությունը:
Իր հայտարարության մեջ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հիշեցնում է, որ իրենք նախկինում նախազգուշացրել են Հադրութին և Շուշիին սպառնացող ռազմական վտանգի մասին, և որ ռուս խաղաղապահներն աջակցում են հայերին: Քերիմլին կոչ է անում հրաժարվել խաղաղապահներից: «Մեր բանակն ինքնուրույն կարող է պատժել ադրբեջանցի զինվորներն սպանողներին»:
Ավելի վաղ ադրբեջանական տիրույթում տեղեկատվություն էր տարածվել, որ հայ զինվորների երկու շարասյուն է մտել Ղարաբաղ: Նրանք մուտք են գործել Գորիսի ճանապարհով, իսկ ռուս խաղաղապահները նրանց հանգիստ ներս են թողել:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրառում է կատարել՝ ռուս խաղաղապահներին անվանելով «հայ ահաբեկիչների հովանավոր»:
REAL կուսակցության ղեկավար Իլղար Մամեդովը Facebook-ում առաջարկում է Մոսկվայի առաջ պայման դնել. խաղաղապահների թիվը պետք է կրճատվի ադրբեջանցի զինծառայողների սպանություններին համահունչ: «Եթե սպանվում է մեր մեկ զինվոր կամ սպա, ապա Ղարաբաղում խաղաղապահների թիվը կրճատվում է 200-ով: Եթե սպանվում են երկուսը, խաղաղապահների թիվը կրճատվում է 500-ով: Երեք սպանության դեպքում Ռուսաստանն Ադրբեջանից դուրս է բերում իր 1000 մարդկանց… Այդ դեպքում Մոսկվան մեկ վայրկյանում հայերին խելք կսովորեցնի»,- կարծում է Մամեդովը:
«Եթե չլինի այդպիսի պահանջ և «ԼՂՀ» լաթը (նկատի ունի Արցախի դրոշը-խմբ.) լինի Ռուսաստանի ՊՆ կայքում, ապա թշնամին կշարունակի կրակել մեր զինվորականների վրա, և մենք շեհիդներ կունենանք»,- գրել է Մամեդովը:
Տնտեսագիտության պրոֆեսոր Ղուբաթ Իբադօղլուն էլ իր էջում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը խախտել է հայտարարության 4-րդ կետը, որում պարտավորվում է իր զորքերը տեղակայել տարածաշրջանից հայկական զորքերի դուրսբեմանը համահունչ: «Մինչդեռ խաղաղապահները զբաղված են մեր տարածքներում հայկական զինված խմբերի տեղակայմամբ և այդ խմբերի զինմամբ: Այլ բան ես Ռուսաստանից չէի սպասում: Հույսս ադրբեջանցի ժողովրդի և կառավարության վրա է: Բայց ժողովուրդն ու մտավորականությունը լռում է, իսկ թվով քիչ խոսողներին փորձում են լռեցնել թրոլլինգի միջոցով: Մեզ չի կարելի լռել, մենք պետք է որոշենք մեր խնդիրները»,- գրել է Իբադօղլուն:
Պատգամավոր և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էլ իր հարցազրույցներից մեկում կոչ է արել Ադրբեջանին չթուլացնել զգոնությունը: Պետք է շարունակել ուժեղացնել բանակը, բարձրանել նրա մարտունակությունը և զգոն լինել: Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի փոխվել պետական գաղափարախոսությունը»:
«Ինչպես շատ ճիշտ նկատել է պետության ղեկավարը, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մի քանի տարի հետո հայկական ֆաշիզմը կրկին գլուխ չի բարձրացնի: Ուստի ադրբեջանական պետությունը պետք է միշտ ուժեղ լինի»,- ասել է պատգամավորը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ