«Զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու և մնալու, քաղաքականությունից զերծ լինելու, քաղաքական կոնյուկտուրային չմասնակցելու իմ կոչը դատավորները դիտում որպես քաղաքական կոչ: Ուղղակի ժպիտ է առաջացնում»,- Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վարչական շենքում հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Ռուբեն Վարդազարյանը մանրամասնեց, թե իր կոչով ինչ նկատի ուներ ու ասաց. «Եթե ծանոթ եք տեքստին, իմ կոչը վերաբերում էր դատավորներին, իմ գործընկերներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների: Առաջարկել եմ և նախազգուշացրել, որ եթե ես տեսնեմ, որ որևէ դատավոր ենթարկվել է այդ ճնշումներին, տուրք է տալիս կամ քաղաքական որոշում է կայացնում, ես ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին: Այսինքն՝ իմ կոչի բովանդակությունը և իմ վերաբերմունքը ապաքաղաքական լինելուն է վերաբերվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ