Լրահոս
Օրվա լրահոսը

Հակիրճ՝ ամենակարևորի մասին.«Կա մի ահավոր ճշմարտություն. առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են»

Դեկտեմբեր 28,2020 23:02

ԱԺ-ի շուրջ լարվածությունը մեծանում է, պատգամավորներին դիմավորում են ձվերով, «դավաճան» վանկարկումներով։ Շատերի նյարդերը չեն դիմանում։ Սա կանխատեսելի էր. եթե քաղաքական իշխանությունը ստանձնած ուժը չի գնում ճգնաժամի լուծման քաղաքական ճանապարհով, կիսաթաքնված վիճակում է, ապա գործընթացը սկսում է զարգանալ այլ ուղով, ի վերջո՝ հանրության լարվածությունը և երկրի սուր խնդիրներն ինքնուրույն չեն կորում-գնում։ Իմ քայլը մոտ երկու ամիս է՝ իրեն պահում է բացարձակ անպատասխանատու՝ չհասկանալով, որ թեև պատահաբար, բայց այնուամենայնիվ 2018-ից իրենք իշխող ուժ են։

Ընթացող պրոցեսի բնույթը

Այսօր Հայաստանում չի գնում պայքար իշխանության համար։ Այսօր Հայաստանում փորձ է արվում` ձևավորել իշխանություն։ Հայաստանում մոտ երեք ամիս է՝ իշխանություն չկա, և պետությունը փլուզվում է, պետությունն ազատ անկման մեջ է։ Լայն համախմբմամբ փորձ է արվում ձևավորել իշխանություն։

Հարթակի մասին

Այն չի կարող կոչվել ընդդիմություն, և սխալ է կատարվողը կոչել ընդդիմության գործողություններ։ Եթե երկրում չկա իշխանություն, ապա չի կարող լինել նաև ընդդիմություն։ Սա ոտքի վրա ձևավորված կոնսոլիդացիոն միավոր է, որն ունի խիստ սահմանափակ առաքելություն։

Ինչու է Հայաստանին պետք անցումային կառավարություն

ա/ Խաղաղության համար, որպեսզի չեզոքացվի պատերազմի վտանգը։ Քանի դեռ պարտված ղեկավարը շարունակում է ֆորմալ համարվել երկրի վարչապետ, հակառակորդների մոտ միշտ լինում է բուռն ցանկություն՝ զարգացնել հաջողությունը, նոր ձեռքբերումներ ունենալ։

բ/ Կայունացնելու համար երկրի տնտեսությունը։ Ֆինանսական շուկաների և տնտեսության փլուզումն այսօրվա անիշխանության պայմաններում հաշված շաբաթների խնդիր է։

գ/ Բանակցելու համար. Փաշինյանի հետ չեն բանակցում ո´չ բարեկամ պետությունները, ո´չ Ադրբեջանն ու Թուրքիան։ Իսկ նման վիճակը ձեռնտու է հակառակորդին։

դ/ Կազմակերպելու համար ազատ և բովանդակային ընտրություններ, որի ժամանակ էլ կծավալվի երկրի հեռանկարի շուրջ կարևորագույն բանավեճ, և կձևավորվի նոր, սոլիդ քաղաքական դաշտ։

Հարց, որը պետք է մտնի ամեն հայի տուն

Առնվազն հոկտեմբերի 19-ին եղել է պատերազմը դադարեցնելու հնարավորություն։ Ասում են, որ մինչ այդ ևս՝ սկսած Ջեբրայիլի գրավման փուլից, եղել է մի քանի նման հնարավորություն, սակայն դրանք դեռևս կուլիսներից մեզ հասնող խոսակցություններ են (թեպետև՝ վստահելի)։

Այս մի կոնկրետ ամսաթիվը՝ հոկտեմբերի 19, հնչել ու հաստատվել է պաշտոնապես՝ ՌԴ նախագահի կողմից։ Ինչո՞ւ է Փաշինյանը մերժել այդ հնարավորությունը։ Չէ՞ որ կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ ու վիրավոր, ավելի քիչ գերիներ, անհետ կորածներ, ավելի քիչ տարածքային կորուստներ։

Սա այն հարցն է, որն ամեն րոպե պետք է տանջի յուրաքանչյուր բանական հայի։

Սա այն հարցն է, որը մի կողմ պետք է դնի ցանկացած քաղաքական նախասիրություն։

Սա այն հարցն է, որի պատասխանը քանի դեռ չկա՝ Հայաստանում չի լինելու խաղաղություն, համերաշխություն, և հայը հնարավորություն չի ունենալու արժանապատիվ կյանքի։

Կա մի ահավոր ճշմարտություն. առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են։

Մնացած ցանկացած քննարկում մտածված բլեֆ է՝ ժամանակ շահելու համար։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031