Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում, ըստ գյուղացիների, երկուշաբթի՝ դեկտեմբերի 28-ին իրականացվել են սահմանազատման աշխատանքներ։ Գյուղ էին եկել Ռուսաստանի դրոշներով ավտոմեքենաներ՝ խաղաղապահներով, ներկայացուցիչներ կային նաեւ Հայաստանի սահմանապահ զորքերից։ Նշենք, որ ճակատենցիները մի քանի օր զրկված էին հեռուստահաղորդումներ դիտելու հնարավորությունից ու հեռախոսակապից։
Հեռուստաաշտարակ ու կապի ալեհավաքները տեղադրված էին իբր ադրբեջանական տարածք համարվող բարձունքում, ու դրանք արդեն տեղափոխվել են գյուղի տարածք։ Այդ բարձունքում գյուղացիների տեղադրած հայկական դրոշը դեռ տեղում է։
«Ադրբեջանցիները բարձունքից այն կողմ են, դեռ չեն երեւում»,–նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ թշնամու հնարավոր նշանակետի տակ հայտնված ճանապարհի վտանգավոր հատվածը վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ մեր զորքի կողմից։ Ի դեպ, ճակատենցի մեր զրուցակցի խոսքով, ադրբեջանցիները իրենց գյուղի հատվածում մինչեւ օրս չեն խախտել գծված սահմանային կետը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ