Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի՝ ոստիկանի կողմից առևանգման կապակցությամբ, փաստաբանները հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Հիշեցնենք՝ ցուցարարները դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի դիմաց պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների, ինչից հետո նրանք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այնտեղից էլ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց գնալ ոստիկանության բաժիններ՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկվածներին։
Բերման էր ենթարկվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու պարագայում դրսևորվել է հանցագործություն․ «Աշոտ Սիմոնյանին, երբ բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, լրացել է նրա 3 ժամը և ոչ մի որոշում չի եղել ձերբակալության մասին, որևէ ներկայացում չի եղել, ըստ էության։ Եվ երբ անձինք՝ փաստաբանների հետ միասին, որոշել են, որ օրենքով սահմանված կարգով պետք է դուրս գան և լքեն տարածքը, ընդ որում, Աշոտ Սիմոնյանը հատուկ ասում է դրա մասին, որ երբ կլինի ծանուցում, ես որևէ խնդիր չունեմ, կներկայանամ, այդ պահին, ըստ էության, ոստիկանները առևանգել են Աշոտ Սիմոնյանին և փորձել են ձերբակալման գործողություն իրականացնել։ Արդյունքում՝ որպես հանցագործության մասին հաղորդում փաստաբանները արդեն իսկ ներկայացրեցին են Հատուկ քննչական ծառայություն այս գործի իրավական հիմքը՝ պահանջը։ Եվ դրանից զատ նաև տարբեր բաժիններում այս հավաքի ընթացքում թույլ է տրվել բազում խախտումներ»։
Նա ընդգծեց, որ այդ խախտումներից մեկով էլ ինքն է հաղորդում ներկայացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին․ «Շատ հստակ և պատկերավոր ներկայացված են դրվագներ, թե ինչպես են ոստիկանության ծառայողները՝ խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքը, խոչընդոտելով և արգելափակելով քաղաքացիների խաղաղ հավաք ներկայացնելու իրավունքը, նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով զրկել են ազատությունից։ Այս բոլորի պատասխանատուն, բնականաբար, թիվ 1 դավաճանն է, որի ապօրինի հրահանգները ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ ու բիրտ ձևով իրականացնել»։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը անհասկանալի է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո ոստիկանությունը շարունակել է էլ ավելի մեծ ջանք գործադրել․ «Շատ ավելի այլանդակ ու ցինիկ պահվածք էր ցուցաբերվում։ Եվ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանական գործողություն, ու ցավոք սրտի, այդ դավաճանությունը շարունակվում է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ