Երեխաներին չեն հետաքրքրում մեծահասակների հոգսերն ու մեծ քաղաքականությունը, նրանք ամեն ինչի մեջ հեքիաթ են որոնում, իսկ Ամանորին ամենաանհամբերն են սպասում: Ամանորի ամենասիրելի խորհրդանիշն էլ նրանց համար Կաղանդ պապն է, Ձմեռ պապը, Սանտա Կլաուսը…
Երեխաների սիրելի պապիկի նախատիպը, ըստ տարբեր աղբյուրների՝ իրական մարդ է եղել՝ Նիկողայոսը, որը հետագայում դարձավ Սուրբ Նիկողայոս: Նա ապրել է երրորդ դարում՝ Լիկիայում (Փոքր Ասիա), ծնվել է վաճառականի ընտանիքում, սակայն վաղ տարիքում կորցնելով ծնողներին՝ մեծացել հորեղբոր հոգածությամբ: Հետագայում քահանա է ձեռնադրվել: Նա բարեգործությամբ է զբաղվել ու թաքուն նվերներ արել կարիքավորներին, հատկապես Ծննդյան տոների առիթով սպիտակ հագուստով շրջել է տնետուն եւ ուրախացրել մանուկներին:
Այսօր Ձմեռ պապիկի ծառայությունները վճարովի են՝ կախված մատուցված ծառայությունների որակից եւ պատվիրատուի ապահովվածությունից:
Երեխաները, բարեբախտաբար, այս ամենից տեղյակ չեն, որովհետեւ իրենց ամանորյա հրաշքն է հետաքրքրում:
Կարդացեք նաև
Հայտնի են մի քանի նշանակալի միջադեպեր, որոնց կենտրոնում Սանտա Կլաուսն է եղել: Novate.ru-ի տեղեկացմամբ, մի Սանտա Կլաուս, օրինակ` ժեստերի լեզվով շփվել է լսողության խնդիր ունեցող բալիկի հետ եւ լիարժեք դարձրել նրա տոնը: Առեւտրի կենտրոնում հայտնված Սանտա Կլաուսի տեսանյութը սոցցանցում պատահաբար էր հայտնվել: Նա գրկել էր փոքրիկ աղջնակին, սակայն նույն պահին երեխայի մայրն ասել էր, որ նա չի կարող լսել: Այդ ժամանակ, Սանտա Կլաուսը սկսել էր ժեստերի լեզվով շփվել երեխայի հետ:
Տորոնտոյում գտնվող առեւտրի կենտրոններից մեկում 30 տարի մոդել աշխատած Փոլ Մեյսոնը ղեկավարության առաջարկով ստեղծել էր մոդայիկ Սանտայի կերպար՝ մեծահասակների համար: Մեծահասակների հետ արված ամեն լուսանկարը նա սոցցանցերում տարածում էր #YorkdaleFashionSanta հեշթեգով՝ ամեն անգամ հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամին գումար նվիրաբերելով:
Մեկ այլ Սանտա Կլաուս գրկել- հանգստացրել էր աուտիզմ ունեցող բալիկի, երբ վերջինս մտահոգություն էր հայտնել, որ հիվանդության պատճառով իրեն հանկարծ կդասեն չար երեխաների շարքում: Այս դեպքն էլ կատարվել էր Rivertown Crossings առեւտրի կենտրոնում: Օրինակները բազմաթիվ են: Հայտնի է մեկ այլ Սանտա, որն ամեն տարի $100 000 էր բաժանում անծանոթներին՝ ոստիկանների ուղեկցությամբ: Գործարարը ցանկանում էր անանուն մնալ եւ «ծպտվում» էր Ամանորի խորհրդանիշի կերպարում:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները՝ կերպարանափոխված Ձմեռ Պապի հագուստներով, այցելել էին Երեւանի բժշկական կենտրոններից մեկը ու տանիքից հատուկ ճոպաններով իջնելով, նվերներ փոխանցել հիվանդանոցում բուժվող բալիկներին:
Երեխաները պետք է հավատան հրաշքներին: Մեծահասակները պարտավոր են դա ապահովել:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ