Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անվան տակ քողարկելու է իր դավաճանությունը»․ քաղաքագետն՝ արտահերթ ընտրությունների մասին

Դեկտեմբեր 28,2020 17:11

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը համարում է անհեթեթ և անտրամաբանական, իր «դավաճանություն»-ը ժողովրդի ձեռքով լեգիտիմացնելու միջոց։

«Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ ունի՝ առավելագույն և նվազագույն։ Առավելագույնն այն է, որ նա մասնակցելով նոր խորհրդարանական ընտրությունների՝ վերարտադրվում է ու երկարացնում է իր իշխանությունը մինչև 2026 թվականը։ Ըստ նվազագույն պլանի՝ նա փորձելու է ամեն գնով սողոսկել Ազգային Ժողով, եթե նույնիսկ չստանա պարզ մեծամասնություն և չընտրվի վարչապետ։ Այս պարագայում նա կդառնա անձեռնմխելի և կհայտարարի, որ ժողովրդի ինչ-որ զանգված իր կողմն է։

Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է իր դավաճան գործելաոճը և փորձում է ինքնամաքրվել։ Բայց նրա գլխավոր նպատակն առավելագույն պլանի իրագործումն է, որ ստանա պարզ մեծամասնություն, ձևավորի կառավարություն և դրանով բոլորին հայտարարի՝ եթե ինձ անվանում եք դավաճան, դա այդպես չէ, ժողովուրդն իմ կողքին է։ Այսինքն՝ իր դավաճանությունը քողարկելու է ժողովրդի անվան տակ»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն ինքն է ուզում անցկացնել ընտրություններն այն պարզ պատճառով, որ օգտագործի ձեռքի տակ եղած վարչական լծակները։

«Նա ունի վարչական լծակներ, որից օգտվում է նաև այս պահին՝ իր շահերը սպասարկելու համար։ Բազմաթիվ տեղեկություններ ունեմ, ընդ որում ոչ միայն լրատվամիջոցներից, որ վերջին շոու-երթի ժամանակ դեպի Եռաբլուր կոնկրետ Շիրակի մարզից վարչական ռեսուրսներն առավելագույնս օգտագործել են, որպեսզի մարդկանց հոսքն ապահովեն կառավարության շենքի մոտ։ Ես գիտեմ բազմաթիվ գյումրեցիների, որոնց պարտադրվել է մասնակցել այդ երթին։ Եթե իշխանությունը երթ կազմակերպելու համար է օգտագործում վարչական ռեսուրսը, ապա այն ամբողջությամբ կօգտագործի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանության համար առավելագույն ձայներ ապահովելու համար։

Հաշվի առնենք, որ գործող Ընտրական օրենսգիրքը պարունակում է երկու կետեր, որոնցով կարելի է շատ հեշտ իրականացնել կեղծիքներ, օրինակ՝ նշեմ զինվորականների քվեարկությունը ռեյտինգային համակարգով և լրացուցիչ ցուցակներով քվեարկությունը։ Դուք ինքներդ լավ հիշում եք՝ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչ խայտառակ իրավիճակ էր Ամասիայի և Աշոցքի կիսադատարկ գյուղերում և բնակավայրերերում, երբ որ այդտեղ հազարավոր մարդիկ են գնացել քվեարկության՝ լրացուցիչ ցուցակներով։ Հասկանալի էր՝ այդ մարդիկ ում կողմից էին ուղղորդված և ում օգտին էին քվեարկելու։ Հիմա նույնն արվելու է այս իշխանության համար, հատկապես հաշվի անենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատեց իր կողմից բազմիցս ընտրակեղծարարության մեջ մեղադրված Տիգրան Մուկուչյանին, որն ապահովելու է իր վերարտադրությունը։ Հենց սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով ինքը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է փողոցային քաղաքականությամբ․ իր համար ժողովուրդը միայն փողոցում հավաքված ինչ-որ զանգվածն է կամ ֆեյսբուքում իրեն հետևող մարդիկ են։ Իրեն քննադատող մյուս անձինք ժողովուրդ չեն։

«Նույնիսկ երեկվա հարցազրույցում կրկին փորձում էր ամեն ինչ բարդել նախկինների վրա, կրկին փորձում էր մանիպուլյացիաների ենթարկել ու հասարակությանը համոզել, որ միայն նախկիններն են իրենց բողոքում, իրեն քննադատողները միայն նախկիններն են։ Ինքն այդ պրիմիտիվ ոճով փորձում է բոլոր հարցերը լուծել», -ասում է մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանի համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր է կազմակերպել առնվազն 8-9 ամիս անց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։ Այսինքն` այն ժամանակ, երբ հայաստանյան քաղաքական դաշտում ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր, որոնք կկարողանան այդ ընթացքում հասարակությանը ներկայացնել երկրի զարգացման տեսլականը։

«Նոր քաղաքական ուժերի ծնունդն ապահովելու համար ժամանակ է պետք։ Նիկոլ Փաշինյանը 2 տարի 7 ամիս ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում ամայություն լինի․ ով փորձում էր իրեն քննադատել, բոլորին փորձում էր փչացնել իր մեդիա ռեսուրսներով, կեղծ օգտատերերի ՊՈԱԿ-ի ֆաբրիկայով, իր ֆեյքաբուծարանով, բոլորին մեղադրելով նախկինների հետ կապի մեջ։ Նիկոլ Փաշինյանը չթողեց, որ առաջ գան նոր քաղաքական ուժեր և հիմա քաղաքական դաշտում ունենք Նիկոլ Փաշինյան և գործող քաղաքական ուժեր, որոնց մեծ մասը՝ 99 տոկոսը նախկին են»։

Քաղաքագետի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մենք վերածվել ենք բանանային հանրապետության։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031