Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին ավելի լավ վարձատրվում էի, ավելի լավ աշխատում էի». Սիսակ Գաբրիելյանը՝ մանդատը վայր դնելու եւ Նաիրա Զոհրաբյանից սպասվող «ներողության» մասին

Դեկտեմբեր 28,2020 16:57

«Ես պատերազմի հետ կապված չեմ խոսել այս օրերի ընթացքում, որովհետեւ ինձ համար էլ դեռեւս կան հարցեր, որոնք պատասխանը ես չունեմ: Այդ հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նրան հարցրեցինք՝ չե՞ք պատրաստվում ձեր մանդատը վայր դնել՝ նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ ժամանակին ավելի լավ վարձատրվում էի, ավելի լավ աշխատում էի, հիմա ինչ-որ գործ ենք անում: Որ պահին կզգամ, որ այս կարգավիճակում շատ ավելի քիչ կկարողանամ օգուտ տալ քաղաքացիներին, որեւէ կաշկանդվածություն չունեմ»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցավ էր հայտնել, որ այդ քաղաքական թիմ մտնելով՝ Սիսակ Գաբրիելյանը «տրանսֆորմացիայի է ենթարկվել»: Գաբրիելյանն ասաց, որ երբ անհատ ես, բնականաբար, այլ վարքագիծ ունես. «Գուցե նաեւ փոխվել եմ, բայց՝ մի քիչ լավ, մի քիչ վատ: Այս ամեն ինչը բնական երեւույթ է»:

Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին սպառնացել են, ասել են՝ իրեն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցի քվեարկության ժամանակ քվեաթերթիկը կնկարեք ու կուղարկեք խմբակցության քարտուղարին: Ուստի ճշտեցինք՝ ձեզ նման սպառնալիք եղե՞լ է՝ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե ճիշտն ասեմ, այս պահին չեմ էլ ուսումնասիրել՝ փակ քվեարկությո՞ւն է լինելու»:

Նա վստահեցրեց, որ չի էլ ուսումնասիրել նախագիծը, բայց վստահ է, որ Նաիրա Զոհրաբյանը չէր ուզենա այդպես արտահայտվել, պետք է խոսի Զոհրաբյանի հետ, պարզի: Հարցրեցինք՝ չե՞ք որոշել՝ դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ՝ նա պատասխանեց. «Խմբակցության որոշում կա այդպիսի: Իմ անձնական տեսակետն եմ ասում, գուցե հասցնեմ այս ընթացքում տիկին Զոհրաբյանի հետ խոսել: Կարող է տիկին Զոհրաբյանը ելույթ է ունենում, որով, օրինակ, ինքը ներողություն է խնդրում ու ինչ-որ բան է փոխվում»:

Նա ասաց, որ եթե ինքն էլ նման արտահայտություն աներ ու «ժեխ» անվաներ մարդկանց, ճիշտ կլիներ, որ իր նկատմամբ էլ նման իրավական ձեւակերպում լիներ ու նախաձեռնվեր ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կողմից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031