«Այսօր ՀՀ հանրային խոսույթում հնչել է հետեւյալ միտքը՝ եթե լինի արտահերթ ընտրություն, արյունահեղություն է լինելու ամեն քվեատուփի մոտ: Այս խոսքերի հեղինակը Վազգեն Մանուկյանն է: Ի՞նչ է սա նշանակում: Ոմանք կարող են մտածել, որ սա ակնարկ է: Ոմանք կարող են մտածել, որ սա սպառնալիք է: Իսկ իրականում սա եւս մեկ ապացույց է այն մասին, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր չեն ընդունում ու չեն կարող հաշտվել այն իրականության հետ, որ ՀՀ իշխանության տերը ՀՀ քաղաքացին է ու ՀՀ-ում իշխանություն ձեւավորողը դարձյալ ՀՀ քաղաքացին է»,- այսօր ԱԺ-ում այսպես ելույթ ունեցավ ու Վազգեն Մանուկյանի խոսքերին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա ասաց, որ հիմա կան մարդիկ, որ հնարավոր բոլոր միջոցներով համոզում են եւ սպառնում են, որ սահմանադրական այդ ճշմարտությունը՝ քաղաքացու ազատ կամարտահայտման մասին լավ միտք չէ. «Գերագնահատելով սեփական հնարավորությունները՝ այդ մարդիկ թերագնահատում են պետական համակարգի եւ իրավապահ համակարգի պարտականություններն ու կարողությունները, որով նրանք պարտավոր են երաշխավորել ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտումը, իր քվեով իշխանության ձեւավորումը այսօր եւ վաղը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ