Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին. Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը

Դեկտեմբեր 28,2020 15:55

Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ Հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքը, ատելության խոսքը և բռնության կոչերը դարձել են համատարած ու հասել վտանգավոր ծավալների՝ ինչպես իրական, այնպես էլ կեղծ օգտատերերի կողմից։

Ակնհայտ տպավորություն է, որ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում տարբեր կողմեր դա հատուկ են անում՝ միմյանց սադրելու ու յուրաքանչյուրն իր համար «ցանկալի արդյունքի» հասնելու նպատակով։ Սա մեր երկրում մարդու իրավունքների համակարգն ավերող ճանապարհ է, որին պետք է անհապաղ վերջ տրվի:

Անհրաժեշտ է բացառիկ ջանքերով պահպանել համերաշխությունն ու խաղաղ մոտեցումները՝ բացառելու համար որևէ բռնություն կամ անգամ բռնության որևէ հնարավորություն։

Բռնություն կամ ցանկացած այլ տեսակի լարվածություն բացառելու հարցում սկզբունքային դեր ունեն պետական մարմինները, որոնք պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ մեր երկրում, թե՛ իրենց սեփական գործողություններում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում:

Առհասարակ, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Ինչ վերաբերում է այսօր Ազգային ժողովի մուտքերից մեկի հարևանությամբ պատգամավորների հետ կապված միջադեպերին, ապա դրանք անընդունելի երևույթներ են․ որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ուղղված այդ միջադեպերի վերաբերյալ հարցումները՝ իրազեկում ենք, որ դրանցից բոլորի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, պատրաստվում են իրավապահ մարմիններին ուղղված հարցումներ՝ ստանալու համար տեղեկություններ նրանց գործողություների, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկելու համար:

Հաշվի առնելով կոնկրետ շեշտադրումներով հարցումները՝ ևս մեկ անգամ հատուկ պարզաբանում ենք ֆորմուլան. եթե ինչ-որ մեկը, ով չունի պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, բռնություն է գործադրում մեկ այլ կոնկրետ՝ պաշտոն ունեցող կամ պաշտոն չունեցող անձի նկատմամբ, այսինքն՝ գործ ենք ունենում երկու կամ ավելի անձանց մասնակցությամբ բռնության առերևույթ հակաիրավական կոնկրետ արարքի հետ, ապա այդ կոնկրետ արարքով բռնություն գործադրող կոնկրետ անձին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին քրեաիրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ:

Նույն սկզբունքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ առանձին-առանձին կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ:

Այս նպատակի համար մեր պետությունում գործում են պետական համապատասխան մարմիններ, որոնք էլ ունեն այդ հատուկ իրավասությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը կիրականացնի այդ կոնկրետ գործերով նրանց նկատմամբ իր իրավասությանն առնչվող վերահսկողությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031