Այսօր ծեծկռտուք էր եղել ցուցարարների ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Մի խումբ ակտիվիստներ փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը, Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս եկավ ու սկսեց տղայական քաշքշոց:
Այս առնչությամբ ԱԺ-ում Սիսակ Գաբրիելյանը պատմեց, թե ինչ է եղել՝ մինչ բանը կհասներ ծեծկռտուքին. «Ես առավոտյան գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհահատվածը փակված է մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից: Կանգնեցի աջ հատվածում, տեսա, որ մի քանի քաղաքացիներ վազելով գալիս են իմ մեքենայի ուղղությամբ: Բնականաբար, ոչ փախել եմ, ոչ էլ կփախնեմ: Մեջները կային ագրեսիվ վարքագիծ դրսեւորող քաղաքացիներ: Եկան, մեքենայի դիմացի հարվածից փորձեցին հարվածել, բնականաբար, պատուհանս իջեցրի, ասեցի՝ ի՞նչ եք ուզում, գոնե ճանապարհը բացեն, իջնեմ: 3-4-ի դեմքը շատ լավ եմ հիշում, ծաղրական, վիրավորական արտահայտություններ էին անում: Պատուհանը իջեցրի, ասեցի՝ ո՞վ հարվածեց. կոպիտ պատասխան է հնչում, դուրս եմ գալիս: Մնացածը տեսել եք տեսանյութում: Մի հատված է երեւում, որտեղ քաղաքացի է գետնին ընկած եւ ես իրեն հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, պիջակիցս էր բռնել…իմ աչքի առաջ նոյեմբերի 9-ի գիշերն էր, երբ ծեծում էին ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի, տեսնում ես 15 ագրեսիվ երիտասարդներ վազում են քո վրա, իմ արձագանքն այն էր, որ պետք էր ինքնապաշտպանվել, որովհետեւ ոչ փախչելու եմ, ոչ էլ կփախչեմ: Այդ քաղաքացին գուցե նաեւ մի փոքր սառած էր ու ընկավ: Մոտ 10-15 հոգով էին, իսկ ես միայնակ, հարձակվել էին, ես կարծում եմ, որ համարժեք ինքնապաշտպանվել եմ: Միայն դա կարող եմ ասել: Իմ հասցեին եղել են հայհոյանքներ, ես էլ տվել եմ պատասխաններ»:
Հարցին՝ չե՞ք զղջում՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ես զղջում եմ, որ կան քաղաքացիներ երկրում, որոնք չեն հասկանում, որ կարելի է քաղաքակիրթ ճանապարհով լուծել: Ինձ ճանաչողներն ասում են՝ այս ի՞նչ վիճակում են հասցրել, որ այդպես բորբոքվել ես: Ես էլ ասում եմ՝ բոլորի հետ էլ կարող է լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ