Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռներում մեկ կամ երկու դեպք եմ մտաբերում, երբ նշվել է, որ դատավորն է սխալ թույլ տվել»

Դեկտեմբեր 28,2020 15:25

Քննությունը տապալող դատավորի թեկնածուների, կարգապահական վարույթների, դատական համակարգի բարեփոխումներին առնչվող օրենսդրական փոփոխությունների և դատավարությունները հեռավար անցկացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ է զրուցել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության փորձագետ Աննա Մարգարյանը։

Ա․Մ․ – Հետհեղափոխական Հայաստանում առաջնահերթություններից մեկը դատական համակարգի բարեփոխումներն էին, անցնող տարում ևս նախաձեռնվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Որքանո՞վ էր Բարձրագույն դատական խորհուրդը նախաձեռնող։ Մինչ օրս ԲԴԽ-ի կողմից ինչպիսի՞ օրենսդրական առաջարկություններ են ներկայացվել, դրանցից որո՞նք են իրենց ամրագրումը ստացել համապատասխան օրենսդրական նորմերում։

Ռ․ Վ․ – Վերջին 1,5 տարվա ընթացքում Քաղաքացիական, Վարչական, Քրեական դատավարության և համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական, Քրեական  օրենսգրքերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել։ Տվյալ դեպքում ակտիվ մասնակցությունը չպետք է հասկանալ միայն դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելը: ԲԴԽ-ի կողմից  նույնպես ներկայացվել են առաջարկներ օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, որոնց գրեթե 50 տոկոսն ընդունվել է և՛ Կառավարության կողմից, և՛ Ազգային ժողովի, կատարվել են օրենսդրական փոփոխություններ։ Ավելին, ԲԴԽ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող օրենսդրության մշակման աշխատանքներին և  օրենքների ընդունմանը, սակայն ԲԴԽ-ի կողմից ներկայացված առաջարկները շատ դեպքերում չեն ընդունվել, ինչի արդյունքում այսօր օրենսդրության կիրառման հարցում մենք խնդիրներ ենք տեսնում։ Մենք Օրենսդրության վերլուծության վարչությունում իրավաբանների բավականին հզոր թիմ ունենք, իսկ ԲԴԽ անդամները բոլոր հարցերի քննարկումներին ակտիվորեն մասնակցում են։

Ա․Մ․ – Արդյոք դատավորներին ուղարկվո՞ւմ են օրենսդրական նախագծերը՝  տեսակետ արտահայտելու նպատակով։

Ռ․Վ․ – Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, օրենքի փոփոխություն ուղարկվում է բոլոր դատավորներին, ովքեր ներկայացնում են իրենց կարծիքները կամ անհատապես, կամ միասնական՝ դատարանի միջոցով, այդ պարագայում կարծիքը ներկայացվում է դատարանի նախագահի ստորագրությամբ։ Այլ մեխանիզմ ուղղակի չկա։ ԲԴԽ-ն աշխատում է հետևյալ մեխանիզմով՝ նախաձեռնությունը եղավ, նախագիծը ստացանք,  ուղարկում ենք դատարաններ, դատարաններից հետ ենք ստանում, վերլուծում և ուղարկում Կառավարություն կամ Ազգային ժողով։ Ավելին, այն դատավորների առաջարկները, որոնք ԲԴԽ-ի կողմից էլ չեն ընդունվում, այնուամենայնիվ, առանձին ուղարկվում են, որպեսզի որևէ կարծիք չանտեսվի։

Ա․Մ․ – Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերում վերջին փոփոխություններով ավելացվել է նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռները։ Որքանո՞վ է սա կիրառելի, ունենք նմանատիպ պրակտիկա։

Ռ․Վ․ – Իմ խորին համոզմամբ՝  դատավորին պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկել միայն այն դեպքում, երբ  դատավորը թույլ է տվել կոպիտ և ակնհայտ նյութական նորմի կամ դատավարական նորմի խախտում կամ հանցագործություն է կատարել դիտավորյալ, առկա է դիտավորություն։ Որոշվել է, որ երբ Եվրոպական դատարանի վճիռներ են կայացվում Հայաստանի դեմ, դրանք առիթ են վարույթ հարուցելու համար։ Սակայն ՀՀ-ի դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռներում մեկ կամ երկու դեպք եմ մտաբերում, երբ նշվել է, որ դատավորն է սխալ թույլ տվել, քանզի, որպես կանոն, Եվրոպական դատարանը արձանագրում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները, որոնց պատճառը մեր թերի օրենսդրական կարգավորումներն են, այսինքն, դատավորի մեղքը չկա՝ դատավորը կիրառել է այն օրենքը, որն այդ պահին կիրառվում էր։

Ավելին, Եվրոպական դատարանի շատ վճիռներից հետո տրամաբանական է, որ օրենսդրական փոփոխություններ են կատարվում, որպեսզի այդ խախտումն այլևս տեղի չունենա։ Այդ վճիռները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են, սակայն դեռ չունենք  նման պրակտիկա։

Ա․Մ․ – Ամիսներ առաջ ընտրվեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր կազմը, որում ընդգրկված են նաև ոչ դատավորներ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որքանո՞վ են տարբերվում ոչ դատավոր և դատավոր անդամների դիրքորոշումները։

Ռ․Վ․ – Ոչ դատավոր անդամների ներգրավվածության վերաբերյալ կարծիքի առնչությամբ առավել ճիշտ եմ համարում դիմել Դատավորների ընդհանուր ժողովին։ Սակայն ինձ փոխանցված որոշ տեղեկությունների համաձայն՝ տվյալ հանձնաժողովի ոչ դատավոր անդամներով համալրումից հետո նիստերի անցկացման սկզբնական փուլում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ձևավորվել էր մոտեցում, որ ներկայացված բոլոր բողոքները քաղաքացիների և/կամ փաստաբանների կողմից՝ ենթակա են վարույթ ընդունման, իսկ դատավորները՝ պատասխանատվության ենթարկման։ Սակայն Հանձնաժողովի կողմից վարույթների հարուցման գործընթացում քննարկումների, ուսումնասիրությունների, անդամ դատավորների կարծիքների և/կամ վերլուծությունների, դատավորի պարզաբանման և/կամ կարծիքի ներկայացման արդյունքում ակնհայտ է դարձել, որ ոչ բոլոր բողոքներն են ենթակա վարույթ ընդունելու, և որ միշտ բողոք ներկայացրած կողմը գույներն ավելի է խտացնում և մի ուղղությամբ է ներկայացնում փաստերը՝ իր շահերից ելնելով, այսինքն, միայն բողոքի առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է լսել դատավորի կարծիքը, քննարկել հանգամանքները։ Իհարկե, որոշակի դեպքերում գտնում եմ, որ անհրաժե՛շտ է վարույթների հարցումը, եթե առկա են դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկման հիմքեր։

Ոչ դատավոր անդամները նիստերի ընթացքում համոզվում են, որ դատավորների մասին մամուլում և հանրային հարթակներում ձևավորված կարծիքը, թե բոլորը սրիկա են, չի համապատասխանում իրականությանը, և որքան էլ որ ցավոտ որոշումներ են կայացվել դատավորների կողմից, այնուամենայնիվ, դրանք, որպես կանոն, ընդունվել են օրենքի սահմաններում։

Սակայն արձանագրվել  են դեպքեր, երբ դատավորների կողմից թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ։ Օրինակ, ԲԴԽ-ի կողմից արդեն իսկ դադարեցվել են երկու դատավորի լիազորություններ՝ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդության հիման  վրա։ ԲԴԽ-ի համար նման վիճակագրությունը ողջունելի չէ, մենք կնախընտրեինք ունենալ այնպիսի վիճակագրություն, երբ դատավորների կողմից թույլ չտրվեին խախտումներ  և իրենց նկատմամբ հարուցված վարույթները կարճվեին՝ խախտման փաստի բացակայության հիմքով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031