Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանին սպասվող հաշտեցման դժվարին ճանապարհը

Դեկտեմբեր 28,2020 14:56

Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող, Կասպից ծովի ափը հարող և  նավթով հարուստ Ադրբեջանում իմ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, որը երկրի նախկին նախագահի անունով վերանվանվել է 2004 թ-ին: Ինձ Բաքվում գտնվող իմ հյուրանոցը  հասցնելու համար վարորդս սրընթաց սլացավ Հեյդար Ալիևի անվան պողոտայով, որը քաղաք տանող գլխավոր ճանապարհն է, անցավ Հեյդար Ալիևի թանգարանի կողքով.  ալիքավոր սպիտակ պատյանի տեսք ունեցող այս շենքը նախագծել է բրիտանաիրաքցի ճարտարապետ Զահա Հադիդը: Վարորդն ինձ մատնանշեց Հեյդար Ալիևի այգու հարևանությամբ գտվող և խորհրդային ժամանակներից ի վեր երաժշտական ​​կենտրոն ծառայող՝ Հեյդար Ալիևի անվան պալատը:

Ահա այսպիսի պետություն է Ադրբեջանը: Հեյդար Ալիևը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո մեկ տասնամյակ ղեկավարեց հարավկովկասյան այս երկիրը: 2003 թ.-ին նրա մահից հետո երկրի ղեկավարությունն ստանձնեց նրա որդի Իլհամ Ալիևը, ով շարունակում է մնալ երկրի նախագահ այդ ժամանակվանից ՝ ընտրություններում մշտապես հաղթելով ձայների շուրջ 80 տոկոսի չափով: Այս ժամանակահատվածումն նա կուտակել է հսկայական հարստություն և իր ընտանիքի շուրջ ստեղծել անհատականության պաշտամունք: 2017-ին նա նույնիսկ իր կնոջը ՝ Մեհրիբան Ալիեւային, նշանակել է փոխնախագահ: «Freedom House» կազմակերպությունը աշխարհի անազատ երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 11-րդ տեղը, այսինքն՝ Եմենի և Ռուսաստանի ցուցանիշներից ավելի ցածր:

Ես այստեղ եմ կառավարության հրավերով: Վերջինս սեպտեմբերին խիստ հաջող ռազմարշավ ձեռնարկեց, որպեսզի իր դիրքերը վերահաստատի Լեռնային Ղարաբաղում: Վերջինս մեծամասամբ հայերով բնակեցված անկլավ էր և 1990-ականների սկզբից գտնվում էր անջատողականների վերահսկողության տակ: 44 օր տևած մարտերում Ադրբեջանը վերջ դրեց գրեթե երեք տասնամյակ տևած ազգային նվաստացմանը՝ գրավելով Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև շրջակա շրջանների տարածքները, որոնք մինչև առաջին պատերազմի ընթացքում հայկական ուժերի կողմից ադրբեջանցիների արտաքսումը պատմականորեն բնակեցված են եղել ադրբեջանցիներով: Միայն Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի մասին պայմանագրի միջոցով հաջողվեց վերջ դնել այս դաժան հակամարտությանը, որի արդյունքում յուրաքանչյուր կողմից զոհվեց ավելի քան 5000 զինվոր:

Լեռնային Ղարաբաղում տարածքային փոփոխություններ (մոտավոր)

Նոյեմբերի հրադադարի պայմանագրի կնքման արդյունքում ինքնահռչակված Արցախի Հանրապետությունը զգալի տարածք է կորցրել

Ալիևի վարչակարգն այժմ վայելում է ազգային էյֆորիայի մեջ գտվող երկրի հանրության կողմից աննախադեպ բարձր մակարդակի ժողովրդականություն: «Ղարաբաղը Ադրբեջանն է» կամ «Հաղթանակը մերն է» գրությամբ պաստառները Բաքվի փողոցներում ավելի շատ են, քան իսկական առևտրային գովազդները: Ադրբեջանի դրոշները ծածանվում են պատշգամբներից ու ստալինյան դարաշրջանի շենքերից. դրանք միշտ զուգակցվում են թուրքական դրոշներով ՝ հարգանքի տուրք մատուցելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապահոված քաղաքական և դիվանագիտական ​​աջակցությանը: Իմ հյուրանոցային սենյակում դրված ջրի շշի պիտակը հուշում է, որ իր պարունակությունը «հաղթանակի համ» ունի: Ջուրն առանձնապես համ չուներ:

Չնայած բոլոր այս ցնծություններին՝ օտարերկրյա լրագրողների մուտքի սահմանափակումը, ինչպես նաև հայ զինվորների ու քաղաքացիական անձանց դեմ կատարված պատերազմական հանցագործությունների մասին հավաստի հաղորդագրությունները, բացասական ազդեցություն են ունեցել երկրի վարկանիշի վրա արտերկրում, թեև իրականացված ռազմարշավը միջազգային իրավունքի դրույթներով ադրբեջանական ճանաչվող տարածքը հետ գրավելու համար էր: Այսպիսով, կառավարությունը որոշեց մամուլի աշխատակիցների համար շրջագայություններ անցկացնել ` Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն և 30 տարի առաջ այդ տարածքները ստիպողաբար լքած ադրբեջանցիների վերաբնակեցմանն ուղղված իրենց ջանքերն ի ցույց դնելու համար:

Մի քանի ֆրանսիացի և բրիտանացի լրագրողների հետ միասին ինձ հրավիրեցին շրջագայություն կատարել պաշտոնապես «ազատագրված տարածքներ»-ում և ծանոթանալ Ադրբեջանի կառավարության կողմից իր իշխանությունը հաստատելու հիմնավորման մանրամասներին: Շատ արագ պարզվեց, որ ռեժիմը դեռևս լիովին չի հարմարվել բաց և թափանցիկ գործելու սկզբունքին, ինչը վատ նախանշան է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապագայի համար. հայ բնակչությունն արդեն իսկ լուրջ կասկածներ ունի:

***

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկիզբ է առել 1920-ականներին, երբ Հարավային Կովկասը՝ մերօրյա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախ պետությունները, նոր էր միացել Խորհրդային Ռուսաստանին: Ստալինը, ով այն ժամանակ պատասխանատու էր ԽՍՀՄ ազգությունների քաղաքականության համար, մեծամասնությամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղն ընդգրկեց Ադրբեջանի կազմի մեջ:

Երբ 1990-ականների սկզբին Խորհրդային ​​Միությունը փլուզվեց, Հայաստանն ու Ադրբեջանը դաժան պատերազմ մղեցին այն տարածքի համար, որը հետագայում ընդգրկվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում, սակայն որը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք: ԼՂՀ-ն ձեռք բերեց փաստացի անկախություն: Կարևոր է նշել, որ հայ անջատողականները գրավեցին նաև Լեռնային Ղարաբաղը հարող տարածքները, որտեղ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում, և վտարեցին տեղի բնակիչներին:

Վերջին 30 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցը թեժ թեմա է դարձել հասարակության բոլոր մակարդակներում և երկու երկրներում մեկից ավելի առաջնորդների պաշտոնականության սպառնալիք է դարձել, ըստ Ադրբեջանի կառավարության կողմից նախկինում բանտարկված, դիսիդենտ իրավաբան Անար Մամադլիի: Այս տարվա հուլիսին առաջնագծում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Բաքվում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք կոչ էին անում պատերազմ սկսել Հայաստանի դեմ, «ռեժիմը գտնվում էր պատերազմ նախաձեռնելու ճնշման տակ», – ավելացրեց Մամադլին:

1990-ականներին թե՛ Հայաստանի և թե՛ անջատողական տարածքներից էթնիկ զտման ենթարկված շուրջ 600,000 էթնիկ ադրբեջանցիների տեղահանման թեման դեռ արյունահոսող վերք է: (Ավելի փոքր թվով հայեր նույնպես վտարվել են Ադրբեջանից): Տեղահանված անձինք մինչ այժմ կազմում են բնակչության մոտ 10 տոկոսը: Նրանք տեղափոխվել են վրանային քաղաքներ, ուսանողական հանրակացարաններ կամ գրեթե ցանկացած վայր, որտեղ կարող էին բնակվել: Ոմանց ապահովել են բնակության համար արժանապատիվ պայմաններով, իսկ ոմանց՝ ոչ, սակայն բոլորը զայրացած են:

Մեզ կցված ուղեկից-վերահսկիչը մեզ տարավ Բաքվի կենտրոնում գտնվող, Խորհրդային Միության ժամանակաշրջանի մի դպրոց, որտեղ բնակվում են տեղահանվածներ: Մուտքը կեղտոտ էր, երկնագույն ներկված պատերով միջանցքները լցված էին պահարաններով և պարաններից կախված չորացող լվացքով: Ինձ հաջողվեց սպրդել ամեն տեղ հայտնվող պետական վերահսկիչի ուշադրությունից, և ինձ հրավիրեցին զրուցելու 66-ամյա Հաֆիզա Բայրամովայի հետ, ով 1993-ից ապրում է դպրոցում: Նրա բնակարանում անբիծ մաքրություն էր տիրում, բնակարանում ի ցույց էին դրված հարազատների լուսանկարներ, թուրքական ու ադրբեջանական դրոշները. դրանք ամենևին նոր էին, ինչպես հնարավոր էր դատել նորամուծությունները պարուրող պոլիէթիլենի առկայությունից:

«Մենք ապրում էինք Զանգիլանում [Իրանի հետ սահմանի մոտ]: Մենք մեր տները լքեցինք դատարկաձեռն: Մենք Արաքս գետը հատեցինք՝ անցնելով Իրանի տարածք, և հետո եկանք Բաքու», – ասում է Բայրամովան: «Դժվար էր այստեղ ապրել. սկզբում ջուր և էլեկտրականություն չունեինք: Բայց ես միշտ հավատում էի, որ գրավյալ հողերը հետ կվերցնեն հայ ավազակներից: Ես երազում եմ վերադառնալ Զանգիլան»:

Կարո՞ղ է նա ապրել հայերի կողքին, օրինակ՝ այն քաղաքացիական անձանց կողքին, ովքեր մասնակցություն չեն ունեցել էթնիկ զտումներին: «Եթե նրանք կկարողանան ապրել առանց զայրույթի, եթե նրանք կարող են ապրել մեզ հետ, ապա մենք կարող ենք ապրել նրանց հետ: Բայց նրանք պետք է ընդունեն, որ սա մեր երկիրն է»: Նախագահի մասին խոսելիս նրա խոսքը համեմված է գովեստներով: «Մեր ղեկավարը շատ պատրաստված է բոլոր ոլորտներում ՝ քաղաքական, ռազմական և մշակութային»:

Եվ արդյո՞ք Բայրամովան կարեկցանք է զգում վերջերս Ադրբեջանի կողմից նախաձեռնած գործողությունների արդյունքում փախուստի դիմած հայերի հանդեպ, որոնք այժմ աքսորված են իրենց տներից ճիշտ այնպես, ինչպես ինքը: «Ոչ», – պատասխանեց նա մեղմ ձայնով ՝ գլուխը շարժելով: Նա լռեց: Այնուհետև մեր ուղեկից-վերահսկիչը հայտնվեց մյուս լրագրողների հետ միասին, և կինը կրկնեց այն ամենը, ինչ ասել էր ինձ՝ գրեթե նույն բառերով:

***

Լեռնային Ղարաբաղ ուղևորությունը հարթ, միապաղաղ տեսարաններով անցնող, չորս ժամ տևողությամբ մռայլ ճանապարհորդություն էր: Մեր ուրախ վարորդը սլանում էր 175 կմ/ժ արագությամբ, թեև այս ճանապարհին թույլատրվող արագության առավելագույն սահմանը 60 կմ/ժ էր: Մենք անցանք Կասպից ծովի նավթահանքերի և նավթավերամշակման գործարանների կողքով, որոնց վրա զետեղված էին Հեյդար Ալիևից մեջբերված հուզիչ խոսքեր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ադրբեջանն արտադրում էր ԽՍՀՄ-ում արդյունահանվող նավթի ծավալի երկու երրորդը: Կովկասյան նավթահանքերը գրավելը գերմանացի նացիստների հիմնական ռազմական նպատակն էր, սակայն ստալինյան ռազմական ուժերը դժվարությամբ հաջողվեց նրանց հարձակումը հետ մղել: Այսօր Կասպից ծովի նավթահանքերը հանդիսանում են Ադրբեջանի հրաշալիորեն անհավասար բաշխված հարստության աղբյուրը և երկրին թույլ են տվել ֆինանսավորել զանգվածային ռազմական կարողությունների ընդլայնման ծրագրերը, որոնք և մեկ ամիս առաջ պսակվեցին Հայաստանի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով:

Ադրբեջանին վաճառված թուրքական արտադրության զենքի արժեքը ամսվա կտրվածքով ($) – 2020 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր: Հուլիս-օգոստոս ժամանակահատվածում վաճառված զենքի ընդհանուր արժեքն աճել է 120 անգամ: Աղբյուրը՝ Թուրք արտահողների ժողով (ասամբլեա)

Հուլիս-օգոստոս ամիսներին Թուրքիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար Ադրբեջանի կատարած ծախսերն աճել են 120 անգամ, ինչպես ցույց են տալիս թուրքական արդյունաբերական խմբերից մեկի կողմից տրամադրված տվյալները, իսկ հաջորդ ամսին դրանք կրկին կրկնապատկվել են: Հայաստանի հետ պատերազմը սկսվել էր սեպտեմբերի 27-ին:

Բայցևայնպես, տարածքի ձեռքբերումը շատ առումներով գործի դյուրին մասն է: Ադրբեջանը պետք է դեռևս երկխոսության մեջ մտնի  թե՛ իր կողմից վերահսկվող, թե՛ դեռևս անջատողականների (թեև նոյեմբերյան հրադադարի պայմանների համաձայն այժմ նաև ռուս խաղաղապահների հետ միասնական) վերահսկողության տակ գտվող տարածքներում ապրող մարդկանց հետ:

Ադրբեջանը «ճանաչում է [Լեռնային Ղարաբաղի հայերին] որպես մեր քաղաքացիներ: Մենք պատրաստ ենք բոլոր սահմանադրական իրավունքները տրամադրել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել Ադրբեջանի հետ միասին և ստանալ ադրբեջանական անձնագիր», – ինձ ասաց նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԽՍՀՄ դարաշրջանում կառուցված տպավորիչ կառավարական շենքում հրավիրված հարցազրույցի ժամանակ:

1990-ականների ջարդերից տրավմայի ենթարկված և վերջին բախումների ընթացքում ռազմական հանցագործությունների մասին հաղորդագրություններին իրազեկ հայերից քչերն են, որ հավատում են այս պաշտոնական հավաստիացմանը: «Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մենք կարող ենք [ադրբեջանցիների] հետ միասին անվտանգ ապրել», – ասաց ինձ Ադրբեջանի կողմից նախաձեռնված առաջխաղացումից փախուստի դիմած հայ Արմինե Ջանուցը:

Մամլո աշխատակիցների համար նախատեսված մեր շրջագայությունը կազմակերպվել էր այն սպասելիքով, որ լրատվամիջոցները ցույց կտան, թե ինչ միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Ադրբեջանի համար այս հարցը մեծ կարևորություն ունի իր միջազգային լեգիտիմության ամրապնդման համար:

Ուստի, մենք ակնկալում էինք այցելել հայկական վանքեր, օրինակ՝ Դադիվանքը, որը հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի վերջին հանձնվեց ադրբեջանական իշխանությունների վերահսկողությանը: Սակայն նման այցելություններ կատարելու մեր խնդրանքները բազմիցս մերժվեցին կառավարության կողմից: Բախումների արդյունքում մեզ մեկ բացատրություն էր տրվում, որ ռազմական իրավիճակը չափազանց անկայուն է, մեկ էլ՝ կարող են ականներ լինել, մյուս անգամ էլ՝ ճանապարհներին կուտակված ձյան պատճառով մեր մեծ 4×4 ավտոմեքենաները չեն կարող տեղ հասնել: Նույն պատրվակներով մերժվեցին նաև «ազատագրված Շուշա» (հայերի կողմից Շուշի կոչվող) այցելելու խնդրանքները:
Աղդամի մզկիթից բացվող ավերակների տեսարանը (լուսանկարի հեղինակ ՝ Այդո Վոք)

Փոխարենը մեզ տարան Ադրբեջանի կառավարության համար ավելի հարմար տարբերակ հանդիսացող տարածք:

Աղդամ քաղաքը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղին հարող և պատմականորեն մեծամասնություն կազմող ադրբեջանցիներով բնակեցված տարածքում, ավերակների է վերածվել 1990-ականներին, երբ հայկական զորքեր գրավեցին այն՝ փախուստի մատնելով տեղի բնակչությանը: Միակ շենքը, որը դեռ կանգուն է, քաղաքի գեղեցիկ մզկիթն է, որը կառուցվել է 1868 թ.-ին: Մինարեթի գլխավերևից աչքի առաջ ծավալվում է ավերածությունների մռայլ համայնապատկեր: Կիլոմետրերով ձգվում են հարյուրավոր ավերված տներ, որոնց հազիվ մի պատն է կանգուն մնացել փլատակների մեջ:

Կառավարությունը միջոցներ է ձեռք առել, որպեսզի 90-ականներին վտարվածները միանան մեր խմբին: Հայտնվեցին երկու հոգի՝ 1991-ին սպանված Հիդայեթ Ռուստամովի մայրն ու եղբայրը՝ կորսվածի դիմանկարը բռնած: Նրանք ասում են, որ վերջին 27 տարվա մեջ առաջին անգամն է, որ վերադառնում են իրենց գյուղ: «Շուրջբոլորը ոչնչացվել է: Նույնիսկ այս պայմաններում մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք: Մենք այս օրվան արժանացել ենք մեր կառավարության, մեր զինվորականների և Աստծո շնորհիվ », – ասում է զինվորի մայրը ՝ 78-ամյա Շաֆիկա Ռուստամովան:

Երբ ակնհայտ է դառնում, որ կառավարությունը մեզ թույլ չի տա տեսնել ավելի նոր պատմություն ունեցող որևէ քաղաք կամ գյուղ, մենք հետ ենք գնում դեպի մայրաքաղաք:

78-ամյա Շաֆիկա Ռուստամովան և 55-ամյա Արզու Ռուստամովը (Լուսանկարի հեղինակ ՝ Այդո Վոկ)

***

Ադրբեջանի պատերազմի պարադոքսն այն է, որ 1990-ականների վերքերն այնքան խորն են, որ երկրում, ըստ էության, հակապատերազմական ձայներ չեն հնչում նույնիսկ այլախոհների շրջանում, ովքեր լուրջ հետապնդումների են ենթարկվել կառավարության կողմից: Ամենաուշագրավ շրջադարձը տարբեր մրցանակների արժանացած հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայինն է, ով տարիներ շարունակ կառավարության կողմից ենթարկվել է հետապնդման. նրա տանը նույնիսկ լրտեսական տեսախցիկ էր տեղադրվել, և լրագրողին նվաստացնելու նպատակով նրա սեռական հարաբերությունների տեսանյութը հրապարակել էր: Նրան նվաստացնել չհաջողվեց:

Այնուամենայնիվ, պատերազմի մեկնարկից ի վեր կարելի էր տպավորություն ստանալ, որ Իսմայիլովան հանդես էր գալիս որպես կառավարության փաստացի խոսնակ: Նրա սոցցանցերի հաշիվներում տեղ գտած կարծիքները համահունչ են հակամարտության մասին պաշտոնական գծին, ինչը, ըստ ամենայնի,  նրա կողմից նախկինում ատելության արժանացած կառավարությանը դարձել է ժողովրդին առավել ընդունելի, քան երբևէ. սա թերևս նաև կհանգեցնի առաջիկա տարիներին իշխանության արմատավորման ամրապնդմանը: Շրջագայությանը մասնակցած մամուլի աշխատակիցներից մի քանիսը ծրագրեր էին կազմել Իսմայիլովային հանդիպել նրա տանը:

Մեզ կցված ուղեկից-վերահսկիչն ինչ-որ ձևով տեղեկացավ մեր ծրագրերի մասին: Երկու լրագրողի տեղեկացրեցի, որ ես զբաղված եմ, ուստի նրանք ճանապարհ ընկան առանց ինձ: Վարորդը մեքենան տարավ զարտուղի ճանապարհներով, իսկ հետո լրագրողներին հայտնեցին, որ նրանք շտապ պետք է վերադառնան հյուրանոց: Մեր ուղեկից-վերահսկիչը, ով արդեն սկսել էր ծխախոտը ծխախոտի հետևից ծխել, մեզ տեղեկացրեց, որ չի թույլատրվում առանց իրեն զգուշացնելու և իր հետ ուղղությունը ճշտելու տաքսի նստել, և որ այդպիսի ուղևորությունները «դեմ են արարողակարգին»:

2015-ին կառավարության կողմից բանտարկված իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին հաջողվեց մեր ուղեկից-վերահսկիչից ծածուկ շենք մուտք գործել և հանդիպել մեզ: Չնայած նա դեմ է կիրառված մեթոդներին, սակայն ընդունում է պատերազմի նպատակի իրավացիությունը: «Տարածաշրջանում խաղաղություն հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղին հարող [նախկինում մեծամասնություն կազմող ադրբեջանցիներով բնակեցված] շրջանները հետ վերադարձնելու», – ասաց նա ինձ: Նա հավասարակշված կարծիք ունի հայերի կողմից որպես Ադրբեջանի քաղաքացի ապրելու տարբերակին համաձայնություն տալու հեռանկարի վերաբերյալ: «Դա կարող է տևել տասը կամ 20 տարի… և իրականություն չի դառնա առանց կառավարության կողմից այս գործընթացի առաջնորդության»:

***

Ադրբեջանը պատերազմը պսակել է հաղթանակով: Խաղաղությունը հաղթանակով պսակելը կարող է ավելի դժվար լինել: Ազգային էյֆորիան կարող է արագ հիասթափության վերածվել, երբ սկսվեն հարյուր հազարավոր ադրբեջանցի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղ ՝ աշխարհի առավել խիտ ականապատված տարածաշրջաններից մեկը, տեղափոխելու աշխատանքները: «Սրա համար ժամանակ կպահանջվի: Եկե՛ք իրատես լինենք», – նշում է Հաջիևը:

Այն մարտահրավերները, որոնց ծառացած են Ադրբեջանի առջև որպես իր քաղաքացիների հայերին վերաինտեգրելու հարցում է՛լ ավելի խնդրահարույց են: Ադրբեջանը ստիպված կլինի հաղթահարել երեք տասնամյակների ընթացքում կուտակված ազգային ատելությունը, որի հրահրման հիմնական մեղքը Ադրբեջանի կառավարությանն է: Բաքուն պետք է հայերի ֆիզիկական անվտանգությունն ու մշակութային ինքնավարությունը երաշխավորող մեխանիզմներ ստեղծի՝ մի կետ, որի շուրջ պաշտոնյաները շատ մանրամասներ չեն ներկայացնում:

Նման քայլերը պետք է ավելի մտածված լինեն, քան իրենց գործելակերպը միայն դրական լույսի ներքո միջազգային հանրությանը հրամցնելու նախաձեռնությունները, քանի որ այդ քայլերի հաջողությունը դատելու են այն բանի հիման վրա, թե արդյո՞ք վերջին մարտերից փախած շուրջ 40 000 հայերին դրանք վստահություն կներշնչեն, թե` ոչ: Անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքն Ադրբեջանին ի վերջո խաղաղ ուղիով ինտեգրելու ցանկացած տարբերակ նույնպես կախված կլինի այն բանից, թե ինչպես են կառավարվում նոր ձեռք բերված տարածքները:

Ռեժիմը սկսել է ձերբակալել հայերի դեմ ռազմական հանցագործությունների ենթադրյալ հանցագործներին՝ ի տարբերություն 2012-ին Բուդապեշտում կացնով հայ զինվորին կացնով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին որպես հերոս դիմավորելու որոշմանը: Բայց, թե որքանով են նման քայլերը պարզապես միջազգային հանրության վրդովմունքը հանդարտեցնելուն ուղղված խորհրդանշական ժեստեր՝ ցույց կտա ապագան:

Հարցը, թե հայերը երբևէ կարո՞ղ են ապրել Ադրբեջանի վերահսկողության ներքո, առավել առանցքային խնդիր է վեր հանում: Առանց Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի առաջխաղացման հայերը հազիվ թե համաձայնեն ապրել մի երկրում, որտեղ ցանկացած էթնիկ խմբին պատկանող քաղաքացի սահմանադրական պաշտպանության խիստ սահմանափակ շրջանակով պետք է բավարարվի, որտեղ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ճնշվում են, իսկ ընդդիմության առաջնորդներին արգելվում է առաջադրվել բարձրաստիճան պաշտոնում:

Իր կառավարության կոռուպցիայի բացահայտման գործում աշխատանք տարած լրագրող Մեհման Հուսեյնովն ասում է, որ անհնար է պատկերացնել Լեռնային Ղարաբաղում խաղաղ համակեցություն, եթե Ալիևի ռեժիմը չի հարգում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: «Նրանք ասում են, որ ես հայ եմ, քանի որ քննադատում եմ ռեժիմը: Այդ դեպքում ինչպե՞ս կարող են հայերն ակնկալել ապրել Ադրբեջանում»:

Այդո Վոկը հրավիրվել էր մասնակցել մամուլի աշխատակիցների համար Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ուղևորությանը, որը ծախսերը հոգացել է Ադրբեջանի կառավարությունը: «Նյու Սթեյթսմըն»-ն ուղևորության ողջ ընթացքում պահպանել է լիակատար խմբագրական անկախություն:

Հեղինակ՝ Այդո Վոք

«Նյու Սթեյթսմըն»

 Թարգմանությունը՝ Աննա Մխիթարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031