Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը

Դեկտեմբեր 28,2020 15:14

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»:

Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են.

  • Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր:
  • Մանկավարժները (այդ թվում` նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
  • 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները:
  • Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
  • Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
  • Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031