Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասերի փոխհատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Բադասյանն ասաց, որ այս նախագծով կարեւոր հարցեր են փորձում կարգավորել, որը կապված է մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հարազատներին պատշաճ հատուցում տրամադրելու հետ: Հաշվարկները ցույց են տալիս, որ հատուցման հիմնադրամների գումարը չի բավականացնի՝ հատուցումն ամբողջովին իրականացնելու համար, խոսքը 1000 դրամների հիմնադրամի մասին է, ուստի որոշել են հավաքագրվող դրոշմանիշային վճարը մեծացնել՝ որդեգրելով «կիսապրոգրեսիվ համակարգը». «Այժմ հաշվարկը արվում է այնպես, որ եկամտի չափով ֆիքսված գումար է վճարվելու հատուցման հիմնադրամին: Մինչեւ 100 հազար 1 դրամ աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարը լինելու է 1500 դրամ, 100-200 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձի դեպքում՝ 8500 դրամ եւ 1 մլն 1 դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 15 հազար դրամ: Սա ֆիզիկական անձանց դեպքում է, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների համար այլ հաշվարկ է՝ հիմք է ընդունվում կամ իրացման շրջանառություն, կամ շահութահարկի հաշվարկում հիմք է ընդունվում համախառն եկամուտը»:
«Իմ քայլից» Գեւորգ Պապոյանն ասաց, որ վճարումը համաչափ չէ, ավելի ճիշտ կլինի ֆիքսված տոկոս լինի, հավասար վճարեն: Բադասյանը խոստացավ առաջարկը քննարկել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ