Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ Մինչև արտահերթ ընտրությունները՝ Փաշինյանը պետք է գնա

Դեկտեմբեր 28,2020 14:15

«Ամեն օր է դա լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով անհնազանդության գործողություններին, ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա ասաց, որ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների է գնալու․ «Ինքը դիտմամբ ուզում է դաշտը բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Սովորական «տրյուկն» է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որոնք ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, որոնք՝ ոչ։ Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում։ Նախևառաջ, ինքը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակահատվածում, նախատեսված է 1 տարի, մի քիչ գոնե ուշքի բերի, մի քիչ բարձրացնի մեր բանակի մարտունակությունը, գնա բանակցությունների՝ կա՛մ եռակողմ, կա՛մ Ադրբեջանի հետ՝ սահմանների վերաբերյալ։ Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ։ Նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր կենտկոմը ու իրենց կենտկոմը իրար հետ կռվում էին։ Իսկ այստեղ առանց որևէ բանակցությունների, առանց միջազգային իրավունքի տրվում են սահմանները։ Մինչև սա չվերջանա, մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Այս պահին կամ մի-երկու ամիս հետո ընտրություններ նշանակում է նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրություն նշանակում է պայքար․ բոլոր կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնելը։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»։

Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ չեն թողնելու, որ արտահերթ ընտրությունները կայանան․ «Մինչև արտահերթ ընտրությունները՝ ինքը պետք է գնա։ Ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է և արտահերթ ընտրություններ են լինում։ Ոչ մի եթե-ներ, մինչև ինքը չգնա, ոչ մի արտահերթ ընտրություն Հայաստանում չի լինելու։ Կամ ընտրությունը վերածվելու է աստված գիտի, թե ինչ ընդհարումների Հայաստանի ներսում։ Կռիվ է լինելու մինչև վերջ։ Մի մասը կգնա, մի մասը չի գնա։ Ամեն մի քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու, դա՞ է ինքը ուզում»։

Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը զարգացում չի կարող ապրել․ «Պատերազմը մենք պարտվեցինք, շատ ցավալի, շատ խայտառակ։ Բայց էլի կարելի է ոտքի կանգնել։ Շատ ժողովուրդներ պարտվում են, նորից հաղթում են։ Բայց այն երևույթները, որոնք ինքը մտցրեց, դրանք կործանարար են հայ ժողովրդի համար։ Նայեք, հենց այնպես սկսեցին եկեղեցու դեմ, վեհափառի դեմ էր ուղղված, բայց վեհափառի դեմ չէր ուղղված, ուղղված էր եկեղեցու դեմ։ Այսինքն՝ իրենք ուղղորդում են մեզ բոլոր ազգային արժեքների դեմ։ Պատմությունը հանենք բուհերից, լեզուն կարևոր չէ, մշակույթը կարևոր չէ՝ կմիացնենք գիտության հետ, եկեղեցին կկործանենք։ Մեր երկիր մտել է թշնամի, ոչ թե դավաճան։ Եվ մինչ մենք այդ թշնամուց չազատվենք, երկիրը ապագա չի ունենալու։ Ես ողջունում եմ այն երիտասարդներին, որոնք համարձակ գնում են, կանգնում են, եթե պետք է կռվում են։ Բա, պետք է կռվեն էլ, բա ի՞նչ պետք է անեն․ թշնամու հետ կռվում են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031