«Երբ որ ճանապարհը փակել էին, գնայիք այդ ժողովրդի հետ խոսեիք, որ վարչապետը գնար Սյունիք: Դա չեք կարողացել անել, հիմա մեզ հրավիրում եք Սյունի՞ք: Մենք երբ ուզենանք՝ կարող ենք գնալ Սյունիք, դուք չեք կարող գնալ»,-այսօր ԱԺ նիստում դիմելով Սյունիքից ընտված իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանն առաջարկել էր խումբ կազմել ու գնալ Սյունիք՝ պարզելու իրական վիճակը, ոչ թե տագնապի մեջ գցել ժողովրդին:
Արմեն Խաչատրյանը տեղից արձագանքեց, սկսեց վիճել: Մարուքյանը պատասխանեց. «Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ լավ կանեք ձեր մանդատը վայր դնեք՝ ձեր նախկին գործընկերոջ պես՝ դրանով արտահայտելով ձեր բողոքը: Ասում եմ՝ դուք Սյունիք չեք կարողանում գնալ»: Արմեն Խաչատրյանը սկսեց տեղից գոռալ, որ նոր է եկել Սյունիքից: Մարուքյանն էլ արձագանքեց, որ կոնկրետ վարչապետը չի կարողանում գնալ Սյունիք. «Դուք այսօր ապացուցեցիք, որ արտահերթ ընտրություններ չեք կարող անցկացնել»:
Նիստը վարող Լենա Նազարյանը հորդորեց Մարուքյանին չսադրել, իսկ Արմեն Խաչատրյանին դահլիճից գործընկերները դուրս հանեցին՝ վեճից խուսափելու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ